Ռուսաստանը երբեք թույլ չի տա ուժի միջոցով լուծել Դոնբասի հարցը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռուս հայտնի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:
Պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում Ուկրաինայի արևելքում, Սոլովյովը նշեց, որ, ըստ իրեն, այդ խնդիրները հստակորեն ձևակերպված են:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ ի սկզբանե չպետք է թույլ տրվեր քաղաքացիական պատերազմ: Այդ պատճառով, երբ խոսք էր գնում, որ ռուսները զորքեր են մտցնում, Պուտինը բազմիցս ասել է, որ դա կլիներ ամենամեծ դժբախտությունը, որը կարելի է պատկերացնել» -, նշեց լրագրողը և հավելեց, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ նման խնդիրները, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի ուժի միջոցով:
Սոլովյովի խոսքով՝ բավականին արյուն է արդեն թափվել նախկին Խորհրդային Միության տարածքում:
Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջաններում, 2014 թվականի ապրիլին սկսվել էր զինված հակամարտություն: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի կեսերին հակամարտության հետևանքով տուժել էր 32 հազար 856 մարդ, որոնցից 10 հազար 56-ը մահացել էին: Նոյեմբերի տվյալներով՝ 1.5 մլն մարդ այդ տարածաշրջաններից արտագաղթել է այլ երկրներ: