Թուրքիան երկրում առկա քրդական խնդիրը ցանկանում է լուծել այն 25 տարի առաջ բարձրացրած եւ քրդերի անկախության համար պայքարող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) վերացնելու միջոցով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան ցանկանում է լուծել քրդական խնդիրը, սակայն, դրա համար պետք է PKK-ի բոլոր մարտիկները լքեն երկիրը:

 

Նրա խոսքով, Թուրքիան քրդական խնդրի դեմոկրատական լուծումը դարձրել է իր առաջնություններից մեկը, սակայն, երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս ուժեր կան, որոնք չեն ցանկանում, որ խնդիրը լուծվի:

 

Թուրքիայում քրդական խնդիրը լուծելու հետ կապված, այսպես կոչված, «դեմոկրատական գործընթացը» հայտարարվել է երեք տարի առաջ, որն իր մեջ ներառում է նաեւ PKK-ի զենքի վայր դնելու եւ երկրից հեռանալու պահանջ:

 

Անկարան մինչ այժմ հայտարարություններից բացի որեւէ այլ գործնական քայլ քրդական խնդիրը լուծելու ուղղությամբ չի կատարել: PKK-ի առաջնորդները հայտարարել են, որ մինչեւ չտեսնեն քրդական խնդրի լուծում, այն է' Թուրքիայի սահմաններում Քրդական ինքնավարության ստեղծում, իրենք կազմակերպության զինված թեւը դուրս չեն բերի երկրից, որը հանդիսանում է խնդրի կարգավորման գլխավոր երաշխիքը:

 

Քրդական խնդրի շուրջ Թուրքիայի զինված ուժերի եւ թուրքաբնակ քրդերի միջեւ բախումներում մինչ այժմ 40 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիան վերջին 25 տարիներին մոտ 50 մլրդ դոլար է կորցրել: