Ադրբեջանը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով, ինչի ապացույցը ուղղաթիռի միջադեպն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն' «Էխո Կավկազա» ռադիոկայանին տված հարցազրույցում:

 

Ալիզադեն միանգամայն անիմաստ է համարել ադրբեջանական կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների մարմինները տարհանելու գծով հայկական կողմի անցկացրած հատուկ գործողության ճշմարտացիությունն Ադրբեջանում «կասկածի» ենթարկելուն ուղղված քարոզչությունը: «Լավ է, որ վերցրել են աճյունները, որովհետեւ մարդիկ զոհվել են, եւ նրանց արժանավայել կերպով, մեծարանքներով հուղարկավորել են», -ասել է նա:

 

Զոհված օդաչուների մարմինները տարհանելու հայկական կողմի հատուկ գործողության վերաբերյալ ադրբեջանական կողմի «կասկածները» Ալիզադեն բացատրել է այն բանով, որ տարածաշրջանում «ոչ ոք ոչ մեկին չի կարողանում ինչ որ բան ապացուցել»: Ադրբեջանցի քաղաքագետը դրանում մեղադրել է իշխանություններին: Նա նաեւ շեշտել է, որ հոռետեսորեն է տրամադրված հակամարտության լուծման հարցում:

 

Նույն ռադիոկայանին տված հարցազրույցում Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, ի հակառակ Ալիզադեի, հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության լուծումը «սարերի հետեւում» չէ եւ «հրանոթների փոխարեն խոսելու են դիվանագետները»:

 

Նա նաեւ ընդգծել է, որ ներկայում ոչ ադրբեջանական իշխանությունները, ոչ էլ Ռուսաստանը շահագրգռված չեն հակամարտության լուծմամբ, ինչի ապացույցը, նրա կարծիքով, այն է, որ միջադեպից հետո անցած 10 օրում ե՛ւ հայկական, ե՛ւ միջազգային դիվանագիտությունն անզոր եղան լուծել հարցը' ադրբեջանական կողմի համառորեն լուծել չցանկանալու պատճառով:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյհեմբերի 12-ին' ժամը 13:45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, որը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

 

Միջադեպի հետ կապված անցկացված հատուկ գործողության առնչությամբ Արցախի Հանրապետության ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը հայտարարել է. «Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու եւ դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող: Պաշտպանական բանակի կողմից կորուստներ չեն եղել»: