Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարձակումը իրաքյան Քրդստանի վարչական կենտրոնի՝ Էրբիլ քաղաքի վրա Իրաքի հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է։ Այս մասին հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը՝ կոչ անելով անվտանգության հարցերը լուծել երկխոսության միջոցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք խստորեն դատապարտում ենք անցած գիշեր Իրանի հարձակումը Էրբիլում իրաքյան Քրդստանի թիրախների վրա, որը հանգեցրեց քաղաքացիական զոհերի: Ցանկացած կողմի հարձակումները, որոնք խախտում են Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պետք է դադարեցվեն: Անվտանգության խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, այլ ոչ թե հարվածների միջոցով»,- ասվում է առաքելության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես հայտնել ենք, երեքշաբթի գիշերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարձակվել է Էրբիլում գտնվող մի քանի թիրախների վրա։ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների հայտարարության համաձայն՝ «Էրբիլում ահաբեկիչների մի քանի օբյեկտներ ռմբակոծվել են՝ ի պատասխան Իրանի ներսում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունների»։ Նշվում է նաև, որ հարձակման արդյունքում «ավերվել է Իսրայելական հետախուզական ծառայության Մոսադի գլխավոր լրտեսական շտաբը Իրաքյան Քրդստանում»։