Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը անվտանգության ոլորտում հավասարապես կարևոր նշանակություն ունի երկու կողմերի համար: «Ռուսաստան-Հայաստան ինտեգրում' գլոբալ ճգնաժամի ֆոնին» զեկույցի շնորհանդեսի ընթացքում այս մասին ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևը: «Գյումրիի ռուսական ռազմաբազան այն է, ինչն այս պահին պետք է Հայաստանին, հակառակ դեպքում այն չէր լինի: Սակայն միևնույն ժամանակ այդ բազան շատ կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Սիլաևը նկատեց, որ Ռուսաստանն այս պահին դժվար ժամանակներ է ապրում՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակն Արևմուտքի հետ հարաբերություններում, սակայն դա Հարավային Կովկասի վրա այնքան էլ ազդեցություն չի ունենում կամ ունենում է շատ քիչ: «Եվ չնայած այդ դժվարություններին՝ Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերությունները ոչ միայն շուրունակում են պահպանվել, այլ գնալով ավելի են խորանում»,- նշեց նա:
Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից դառնալու է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի կբարձրանա: «Շատ կարևոր է, որ երկու երկրները, բացի անվտանգության ոլորտում համագործակցությունից, զարգացնեն համագործակցությունը նաև այլ ոլորտներում՝ տնտեսական, հումանիտար և այլն: Եվ այդ հնարավորությունը տալիս է հենց նույն տնտեսական տարածքի անդամ լինելը»,- ընդգծեց Սիլաևը՝ հավելելով, որ Արևմուտքի հետ Ռուսաստանի վատ հարաբերությունները չեն կարող լ ուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա:
Նա նաև ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները մեկ լուրջ առավելություն ունեն այն երկրներից, որոնք մասնակցում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ն նոր կառույց է և այս կառույցին այս պահին միացող երկրները բանակցային ավելի նպաստավոր առավելություններ են ստանում, քան ԵՄ Ասոցացման պայմանագրի մասնակից երկրները:
Սիլաևը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանը կարող է ապագահում կամուրջ հանդիսանալ ԵՄ- և ԵՏՄ-ի միջև՝ հաշվի առնելով, որ Հայաստանի հարևան Վրաստանն էլ ընտրել է եվրաինտեգրման ուղին: