Ադրբեջանի գործելաոճը շատ նման է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին: Լրագրողների հետ դեկտեմբերի 9-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ ամփոփելով այս տարի շփման գծում Ադրբեջանի իրականացրած գործողությունները: «Եթե հիշենք, Չինարի գյուղի բնակիչ 31­ամյա Կարեն Պետրոսյանի (սահմանը մոլորվելու հետեւանքով հատելու եւ գերի ընկնելու հաջորդ օրը նա սպանվեց գերության մեջ-խմբ.) հետ տեղի ունեցածը, երբ բոլոր կոնվենցիաների խախտմամբ, ուղղակի անմարդկային վերաբերմունք ցուցաբերեցին նրա նկատմամբ, որը հարիր է միայն ահաբեկիչներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացող ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը՝ նա ասաց հետևյալը. «Սա բացառիկ գործընթաց է, քանի որ ընթանում է դե յուրե չճանաչված երկրում և պետք է նշեմ, որ առաջին իսկ օրից երևում է դատավարության հատուկ որակի մթնոլորտը՝ այդ է մեղադրյալների նկատմամբ պահպանվում են բոլոր հումինար իրավունքները և միջազգային կոնվենցիաները»: Նշված փաստերն ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավական առումով գերազանցում է շատ ճանաչված պետ ությունների։

 

Բանախոսը նկատեց, որ ադրբեջանցի դիվերսանտների դատավճռի հրապարակումից հետո ադրբեջանական կողմը հնարավոր է փորձի դատապարտյալներին տանել իրենց մոտ։ «Միջազգային դատաիրավական պրակտիկայում ընդուված է' երբ որևէ երկրում դատապարտված այլ երկրի քաղաքացուն երկիրը փորձում է տեղափոխել իր մոտ՝ պատիժը իր երկրում կրելու նպատակով, սակայն հաշվի առնելով Ռամիլ Սաֆարովի հետ կապված իրադարձությունները՝ շատ հնարավոր է, որ ԼՂՀ ղեկավարությունը մերժի այդ առաջարկը»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

 

Հունիսի 29­ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը (ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկ կատարելով լրտեսություն:

 

Հուլիսի 4­ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15­ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

 

Կազմակերպված հանցավոր խմբի մյուս անդամ՝ Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978թ.) հուլիսի 11­ին, ժամը 18:00­ի սահմաններում,Վարդենիս­Քարվաճառ ճանապարհատվածի 32­րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում' վնասազերծվել:

 

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվել են: Ընթանում է դատավարություն։