Ադրբեջանում արմատական իսլամի դեմ արշավը եւ վահաբիների (իսլամի ծայրահեղական հոսանք) դեմ ռազմատենչ հռետորաբանությունը դադարել է: Մինչեւ վերջերս ադրբեջանական մամուլում խոսվում էր արմատական շարժումների դեմ լայնամասշտաբ գործողություններ սկսելու, այն անձանց հնարավոր ձերբակալությունների մասին, ովքեր մարտիկներ են ուղարկել Սիրիա եւ Իրաք իսլամիստների շարքերում կռվելու համար, եւ անգամ պաշտոնական անձինք էին կոչեր հնչեցնում արմատական հ ոսքանքների դեմ, իսկ Կովկասի մահմեդականների վարչությունը հատուկ ֆեթվայով (կրոնական հրովարտակ) նշել էր, որ պատերազմը Սիրիայում ջիհադ չէ: Ադրբեջանի շրջաններում քրեական հետապնդումներ էին սկսվել արմատական հոսանքների ներկայացուցիչների դեմ. ձերբակալվեցին տասնյակ արմատական գործիչներ, աշխատանքից հեռացվեցին արմատականություն քարոզող հոգեւոր անձինք եւ այլն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, minval.az-ին հասած տեղեկություններով' Ադրբեջանում արմատական հոսանքների, այդ թվում' վահաբիների գործունեությունը մերկացնելու գործընթացը դադարեցնելու մեջ հատուկ դեր է խաղացել «գլոբալ կաշառքի գործոնը»:
«Օգտագործելով այդ «մեթոդը», որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտի համար պատասխանատվություն կրող անձանց հետ: Մեզ հասած տեղեկություններով' Ադրբեջանի բարձրաստիճան չինովնիկները խոշոր գումարի դիմաց պայմանավորվել են Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրաթներից վահաբիների հովանավորյալների հետ», -գրում է կայքը:
Կայքը նշում է, որ նախկինում եւս ազդանշաններ էին հասնում նման «մեթոդներ» օգտագործվելու մասին: Այդ մասին մամուլի ասուլիսում պատմել էր փորձագետ Այդըն Ալիզադեն' նշելով, որ սալաֆիական ցանցի տարեկան աջակցության համար տեղական բիզնեսից հավաքվող գումարի չափը հասնում է 5 մլն դոլարի:
Կայքը գրում է, որ տարվա սկզբին խմբագրություն տեղեկություն էր հասել այն մասին, որ երկրում վահաբիական ուսմունք տարածելու համար հնարավորություններ ստեղծելու դիմաց որոշ պաշտոնատար անձինք, այդ թվում' Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն խոշոր գումարի «նվիրատվություններ» են ստացել:
«Մեզ հասած վերջին տեղեկության համաձայն' դարձյալ գործողության մեջ է դրվել հին պրակտիկան եւ, վահաբիական կազմակերպությունների, մզկիթների եւ առանձին անցանց հետապնդումները դադարեցնելու դիմաց, նրանց հովանավորելու համար որոշ պատասխանատու պետական չինովնիկներ, այդ թվում' Ալլահշուքյուր Փաշազադեն խոշոր կաշառք են ստացել: Այդ պատճառով է արմատական հոսանքների դեմ պայքարի թեման Ադրբեջանում անցել հետին պլան», -գրում է կայքը: