Իսրայելը «երրորդ համաշխարհային պատերազմ» է վարում արմատական իսլամի դեմ։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը Bild գերմանական թերթի հարցազրույցում։
«Իսրայելի պետությունը միշտ ձգտել է իր պատերազմները վարել միայնակ։ Անգամ ԱՄՆ-ի համեմատ»,- ասել է Կացը։ Նա նշել է, որ Իսրայելին աջակցություն են ցուցաբերում ինչպես ֆինանսապես, այնպես էլ ռազմական առումով։ «Բայց մենք պայքարում ենք միայնակ։ Մենք մասնակցում ենք երրորդ համաշխարհային պատերազմին արմատական իսլամի դեմ։ Պատերազմ է ընթանում նաեւ Եվրոպայի ներսում։ Արմատական հանրություններում»,- ասել է Կացը՝ հավաստիացնելով, որ «այսօր այդ համաշխարհային պատերազմը վարում է Իրանը»։
Քաղաքական գործիչը միաժամանակ նշել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումն Իսրայելի վրա համադրելի է 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունների հետ Միացյալ Նահանգներում։ «Իսրայելի պետության համար սա շատ նման է այն բանին, ինչը տեղի ունեցավ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին»,- կարծում է նա։