Georgian Airways վրացական ավիաընկերությունն իր աշխատակիցների գործադուլի պատճառով դադարեցնում է չվերթները Ռուսաստան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Իմեդի» հեռուստաընկերությանը:
Գործադուլ է հայտարարել ավիաընկերության թռիչքային ու տեխնիկական անձնակազմը: Աշխատակիցները դեմ են Վրաստանի իշխանությունների որոշմանը, որով ռուսական ավիափոխադրողներին թույլատրվում է առաջնային կարգով չվերթներ իրականացնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ:
Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումից հետո կանոնավոր չվերթներ են իրականացնում երեք ավիաընկերություններ, որոնցից երկուսը՝ «Սիբիրը» եւ «Աերոֆլոտը», ռուսական են, իսկ մեկը՝ «Այրզենան»՝ վրացական:
Ներկայում վրացական կողմը շաբաթական իրականացնում է ութ չվերթ այն դեպքում, երբ ռուսական կողմի չվերթների թիվը հասնում է 10-ի, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն: