Վրացական Airzena - Georgian Airways ավիաընկերության աշխատակիցները, որոնք արդեն երկրորդ օրն Է՝ գործադուլ են անում, դեկտեմբերի 11-ին բողոքի ակցիա են կազմակերպել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Airzena-ի թռիչքային եւ տեխնիկական անձնակազմը դեկտեմբերի 10-ին գործադուլ Է հայտարարել՝ բողոքարկելով Քաղաքացիական ավիացիայի գործակալության այն որոշումը, որի համաձայն՝ ռուսաստանցի ավիափոխադրողներին գերակա կարգով թույլատրվում Է ավիաչվերթներ իրականացնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ:

 

Նախօրյակին Georgian Airways-ին հաջողվել Է երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալության հետ պայմանավորվել Ռուսաստանի ուղղությամբ ավիաչվերթների թվաքանակի շուրջ՝ տասը՝ վրացական կողմից եւ տասը՝ ռուսական: Ավելի վաղ Ռուսաստանի ավիափոխադրողներին թույլատրվել Էր ընդհանուր առմամբ իրականացնել շաբաթական 14 չվերթ, իսկ Georgian Airways-ին՝ 7: Չնայած դրան, գործադուլը շարունակվում Է՝ մնացած պահանջները բավարարելու նպատակով:

 

Ավիաընկերության գործադուլավոր աշխատակիցներին միացել են տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները եւ Վրաստանի ավիացիոն համալսարանի ուսանողները: Պահանջները չբավարարելու դեպքում ակցիայի մասնակիցներն սպառնում են դիմել բողոքի ծայրահեղ միջոցների:

 

Airzena ընկերության գործադուլավոր աշխատակիցների պահանջների թվում են՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Գուրամ Ջալաղոնիայի պաշտոնաթողությունը, գերատեսչության անջատումը Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունից եւ դրա՝ որպես անկախ կառույցի ձեւավորումը, Airzena-ին ֆլագմանի կարգավիճակ տրամադրելը, ինչպես դա եղել Է նախկին իշխանության օրոք, եւ այլն:

 

Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումից հետո կանոնավոր չվերթներ են իրականացնում երեք ավիաընկերություններ, որոնցից երկուսը՝ «Սիբիրը» եւ «Աերոֆլոտը», ռուսական են, իսկ մեկը՝ «Այրզենան»՝ վրացական, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: