Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները մի քանի օր է աշխատանքի դուրս չեն գալիս, այս պահին էլ շարունակում են գործադուլը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Աշխատակիցներին չի գոհացնում աշխատավարձի չափը, նրանք պահանջում են 30%-ով բարձրացնել այն, քանի որ նաև գիշերային աշխատանք են կատարում։

Գրձելյանի խոսքով՝ ներկայումս բանակցություններ են ընթանում աշխատակիցների հետ, փորձում են լուծումներ գտնել։

Հարցին՝ գործադուլի հետևանքով որքա՞ն վնաս է կրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը՝ Գրձելյանը պատասխանեց․ «Ամբողջ հետևանքները՝ վնաս, տոմսերի վերադարձ, չեղարկված գնացքների քանակ, կամփոփենք ավարտին պես»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի բոլոր աշխատակիցները գործադուլ էին հայտարարել հոկտեմբերի 22-ին։ Գործադուլի պատճառով մոտ 30 գնացքի աշխատանք դադարեցվել է։ Աշխատակիցների աշխատավարձի չափը մոտավորապես 350-400 հազար դրամ է, սակայն ինչպես իրենք են պնդում՝ իրենց աշխատանքին համարժեք չէ։