ԱՄՆ-ը դեռ մտադիր չէ իր զինված ուժերն օգտագործել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նշել է ԱՄՆ-ի պետք արտուղար Ջոն Քերին: Լսումների ժամանակ Սպիտակ տանն է ներկայացվել Կոնգրեսի՝ ռազմական ուժերն «Իսլամական պետության» դեմ պայքարում օգտագործելու թույլտվությունը, ինչը նախկինում խնդրել էր նախագահ Բարաք Օբաման:

 

Այն հարցին, թե ռազմական ուժերը կօգտագործվեն Ասադի իշխանության տապալման համար, Քերին պատասխանել էր, որ ոչ հիմա: Նա ընդգծել է, որ խոսքը միայն ԻՊ-ի մասին է: Բացի այդ, Քերին հիշեցրել է, որ ԱՄՆ-ը զբաղվում է սիրիացի ապստամբների զինպատրաստությամբ, որոնք ուղղակիորեն պայքարում են Ասադի դեմ: «Սա մեր քաղաքականության մի մասն է»,- ավելացրել է նա:

 

Քերին, միևնույն ժամանակ խոսելով ծայրահեղականների դեմ պայքարի մասին, ընդգծել է, որ չպետք է ԻՊ-ն իրեն անվտանգ զգա Սիրիայում և Իրաքում: ԱՄՆ-ը և միջազգային դաշինքը Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքար սկսել են սեպտեմբերի 23-ից: