Մարդու իրավունքների պաշտպանը հավատում է, որ ՀՀ արդարադատության նախարարության հետ աշխատանքի արդյունքում կկարողանան էստրադիցիայի ենթարկել Հրաչյա Հարությունյանին: Դեկտեմբերի 10-ին օմբուդսմենի կազմակերպած կլոր-սեղան քննարկմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

 

«Մենք այս ընթացքում աշխատում ենք ընտանիքի հետ, պետք է աշխատենք նաև Արդարադատության նախարարության հետ: Դուք տեսաք, որ Արդարադատության նախարարն այստեղ էր, դա նշանակում է, որ մենք ունենք ներուժ' նրանց հետ համագործակցելով Հրաչյա Հարությունյանին վերադարձնելու»,- ասաց նա' հավելելով, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում չի եղել մեկ օր, որ իրենք չհետաքրքրվեն Հրաչյա Հարությունյանի ճակատագրով ու ինչ-որ քայլ չանեն նրան օգնելու ուղղությամբ:

 

Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13-ին իր վարած բեռնատար ավտոմեքենայով Պոդոլսկում հարվածել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ զոհվել էր, շուրջ 40-ը վիրավորվել էին: Մոսկվայի քաղաքային դատարանը վթարի համար մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ դատապարտելով նրան 6 տարի 9 ամսվա ազատազրկման ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության մասին իմանալու և անսարքությունները չվերացնելու համար: