Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի տարբեր դասարանների 20 աշակերտներ, Ամանորի կապակցությամբ, Սուրբ Սարգիս եկեղեցու հրավերով' դեկտեմբերի 12-ին կայցելեն Երեւան: Այդ ընթացքում դպրոցականները կլինեն մայրաքաղաքի տարբեր թանգարաններում, տեսարժան վայրերում:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Այգեպարի աշակերտներին Ամանորյա ընծաներ է նախապատրաստել նաեւ Արարատի մարզի Այգեպատ համայնքի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը: Նա եւս երեխաներին կշնորհավորի ոչ միայն ամանորյա ընծաներով, այլեւ գրենական պիտույքներով: Միջոցառման կազմակերպման նպատակն է ապացուցել, որ նրանք մենակ չեն, ավելի ամրացնել նրանց կապը Երեւանի իրենց հասակակիցների հետ, ինչպես նաեւ նրանց մեջ ավելի ամրակայել մայր հողը պահելու եւ պահպանելու վճռականությունը:

 

Սա համայնքապետի կողմից այգեպարցուն օգնելու միակ դեպքը չէ: Նրա նախաձեռնությամբ, օգոստոսի 25-ին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցի հասցվեցին սահմանամերձ բնակավայրին օգնելու նպատակի համար գնված կենցաղային իրեր, խոհանոցային պարագաներ, սպասքեղեն, անձնական օգտագործման իրեր, ամառային եւ ձմեռային հագուստ եւ այլն: Ըստ Պետրոսյանի, Այգեպարը սահմանամերձ գյուղ է, եւ պահպանում է երկրի թիկունքը: «Անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել սահմանում բնակվող այգեպարցուն»,-ասել է համայնքապետը:

 

 

Լիլիթ Մաճկալյան