Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև առկա վերջին հակասություններն ու անհարթությունները կհամաձայնեցվեն: «Ցանկացած միության, տնտեսական հարաբերությունների մեջ որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի եղած խնդիրները լուծվեն: Ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը, նույնպիսի խնդիրներ ունեցել են նաև այլ միությունները, ազատ տնտեսական տարածքները և կարծում եմ, որ այնուամենայնիվ համաձայնության կետեր կգտնեն և անհարթությունները կվերանան: Չեմ կարծում, որ դրանք շատ սկզբունքային են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Ռուսաստանն արգելել է Բելառուսից տարբեր սննդամթերքների ներկրումը ՌԴ՝ սննդի անվտանգությամբ պայմանավորված խնդիրներ հայտնաբերելու պատճառով: Իր հերթին, Բելառուսը ՌԴ-ի հետ սահմանին վերականգնել է սահմանային անցակետերը, որոնք հանվել էին Մաքսային միության շրջանակներում:
Միաժամանակ, Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ հունվարի մեկից ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությամբ պայմանավորված' մաքսային նոր կանոնների իրազեկման գործընթացն ակտիվորեն ընթանում է, և ՀՀ ֆինանսների նախարարությունն ակտիվ աշխատում է գործարարների հետ: