Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը սահմանեց առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ 2015 թվականի հունվարի 1-ից: Փոխադարձաբար, ԱՄՆ-ը ՀՀ քաղաքացիների որոշ շերտերի բազմակի մուտքի վիզա կտրամադրի: ԱՄՆ-ի քաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարկան նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրի 28-րդ կետով, որի համաձայն' «Երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը' հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաև տասը տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»: Նախարարի խոսքով՝ առաջիկա հունվարի մեկից ՀՀ լայն շերտերի ներկայացուցիչները կկարողանան ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով:

 

Որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների' մուտքի վիզայի ռեժիմը դյուրացնելու մասին պայմանավորվածությունից, որը նախատեսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատամբ տասը տարվա բազմակի մուտքի վիզայի տրամադրման հնարավորություն:

 

«Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականցնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Ամերիկայի ՄիացյալՆահանգների հետ, նպաստել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների' Հայաստանի Հանրապետություն այցերի աճին և միտված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից փոխադարձության հիման վրա' Հայաստանի Հանրապետության քաղաքացիների' Ամերիկայի Միացյալ Նահանգների մուտքի վիզայի ձեռք բերման դյուրացմանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: