Հայաստանում Շենգենյան համագործակցության անդամ երկրների բոլոր հյուպատոսական բաժինները հունիսի 23-ից անցում կկատարեն միասնական Վիզաների տեղեկատվական համակարգի (ՎՏՀ): Նոր համակարգով Շենգենյան վիզայի համար դիմողներից կպահանջվի տրամադրել իրենց կենսաչափական տվյալները' մատնահետքեր և թվային լուսանկար, որոնք Շենգենյան վիզայի դիմումում նշված տեղեկատվության հետ կգրանցվեն ՎՏՀ տվյալների կենտրոնացման շտեմարանում: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը, համակարգի ներդրումը կօգնի երաշխավորել վիզայի համար դիմողների անձնական տվյալների պաշտպանությունը գողությունից, ինչպես նաև' կկանխարգելի կեղծ ինքնության ներկայացման դեպքերը, որոնց հետևանքով որոշ դեպքերում վիզայի կամ երկիր մուտք գործելու մերժում են ստանում անձիք, ովքեր իրականում այցի իրավունք ունեն:

 

«Նոր համակարգի գործարկումից հետո, մեկ անգամ դիմելու պարագայում, դիմողի ներկայացրած տվյալները տեսանելի կդառնան բոլոր հյուպատոսական բաժինների համար: Այսօր, դա այդպես չէ. եթե դուք, օրինակ, Ֆրանսիայի դեսպանատուն եք դիմել, ես այդ մասին կարող եմ իմանալ միայն անձնագրից: Նոր համակարգի դեպքում արդեն ընդհանուր շտեմարանից հնարավոր կլինի այդ տվյալները վերցնել և անգամ անձնագիրը կորցնելու դեպքում Ձեր տվյալները պահպանված և հասանելի կլինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոս Տերեզա Պորցուցեկը:

 

 

Հունիսի 23-ից վիզայի համար դիմողները պետք է անձամբ ներկայանան դեսպանատներ' իրենց դիմումները և մատնահետքերը հանձնելու համար: Հաջորդող 5 տարիներին դիմումներ հանձնելիս մատնահետքերը կարող են պատճենահանվել ՎՏՀ-ում գտնվող դիմողի նախորդ ֆայլից: «ՎՏՀ ներդրումը կապված է նաև սահմանների հետ: Շենգեն համագործակցության երկրների սահմանը հատելիս, ստուգելով մատնահետքերը, մենք կարող ենք շատ արագ հասկանալ անձի ինքնությունը: Բացի այդ, հինգ տարի ժամկետում դիմողը ձերբազատվում է նոր մատնահետքեր հանձնելու և այդ ընթացակարգը նորից անցնելու անհրաժեշտությունից»,- ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան Հյուպատոսական բաժնի ղեկավար Իվան Սերժեֆը:

 

 

ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության խորհրդական Դովիլե Սուրվիլաիտեն իր հերթին նշեց, որ այս նոր ընթացակարգը հեշտացնում է նաև հյուպատոսների աշխատանքը: «Նայելով Ձեր ներկայացրած փաստթղթերին' հյուպատոսի համար շատ ավելի հեշտ կլինի պարզել Ձեր այցի նպատակները, որոշում ընդունելու գործընթացը կարագանա և հյուպատոսներն ավելի քիչ սխալներ թույլ կտան»,- ասաց Սուրվիլաիտեն:

 

 

Նոր համակագով մատնահետքեր հանձնելու պարտադիր պահանջից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, այն անձինք, ումից ֆիզիկապես անհնար է մատնահետք վերցնել, պետությունների ղեկավարներ, ազգային կառավարությունների անդամներ, նրանց ուղեկցող կանայք և ամուսինները, պաշտոնական պատվիրակության անդամներ, երբ նրանք պաշտոնական այցով հրավիրված են ԵՄ անդամ պետությունների կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից:

 

 

Կենսաչափական տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են Եվրոպական միությունում' ճամփորդական փաստաթղթերն ավելի պաշտպանված դարձնելու նպատակով:

 

 

Վիզաների տեղեկատվական համակարգը Շենգենյան համագործակցության անդամ պետությունների միջև կարճաժամկետ այցերի (մինչև 3 ամիս) համար տրվող վիզաների վերաբերյալ տվյալների փոխանակման կենտրոնական տեղեկատվական շտեմարան է: ՎՏՀ նպատակն է դյուրացնել վիզաների դիմումների ընթացակարգերը, օժանդակել ԵՄ արտաքին սահմանների մոտ ստուգումների իրականացումը, ինչպես նաև՝ բարձրացնել անվտանգության ապահովման մակարդակը:

 

 

ՎՏՀ ներդրումը կատարվում է տարածաշրջան առ տարածաշրջան' մինչ Շենգենյան բոլոր հյուպատոսական բաժինները միացված կլինեն համակարգին: