ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստն սկսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ. հանձնաժողովը դատապարտող հայտարարություն պետք է տարածի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ:
«Դեպքը, իհարկե, դատապարտելի է, և իրավապահ մարմինները պետք է անեն ամեն ինչ՝ գործը բացահայտելու և մեղավորներին հանրությանը ներկայացնելու համար: Ծեծի դեպքերը վերջին օրերին ավելի հաճախակի են դարձել: Ինչպես Արամ Մանուկյանի, այնպես էլ ազատամարտիկների ծեծի դեպքերը պետք է հասարակության խստագույն դիմադրությանն արժանանա»,- ասաց Փաշինյանը:
Սամվել Ֆարմանյանն էլ ասաց, որ իր համար ևս դատապարտելի է Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածը. «Չեմ կարծում, որ խորհրդարանում կգտնվի մի պատգամավոր, որը չդատապարտի խորհրդարանի անդամի հետ տեղի ունեցածը: Ես հեռու եմ այն մտքից, որ նման մարդիկ կան այս հանձնաժողովում և կարծում եմ, որ հանձնաժողովի անունից հայտարարություն տարածելու կարիք չկա»,- եզրափակեց Ֆարմանյանը:
Հանձնաժողովը Փաշինյանի առաջարկը դրեց քվեարկության, կողմ քվեարկեցին Փաշինյանը և Ալեքսանդր Արզումանյանը: