Ադրբեջանական գերությունից հինգ տարի անց հայրենիք վերադարձված ընտանիքի հինգ անդամները լրագրողներին մանրամասներ ներկայացրին Բաքվում իրենց կյանքի պայմանների մասին:

 

«Ապրել ենք Բաքու քաղաքում' զինվորական ոստիկանության շենքում: Մենք ունեցել ենք փախստականի կարգավիճակ, բայց ապրել ենք ինչպես գերի, պատանդ, ճորտ»,- ասաց ընտանիքի հայրը' Եղիշե Գևորգյանը:

 

«Ինչպե՞ս էին վարվում ձեզ հետ» հարցին տրված պատասխանը հեռու է հումանիզմից: «Ինձ էլեկտրաշոկի են ենթարկել, կնոջս բռնությամբ տարել են աբորտի: Մենք ուզում էինք այդ հղիությամբ գերությունից ազատվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հավելեց նա:

 

Ռուզաննա Գևորգյանի խոսքով' իրեն ասել են' ամուսնուդ ողջ չես տեսնի, նա էլ համաձայնել է ու հրաժարվել չծնված երեխայից:

Եղիշե Գևորգյանի պատմելով' 2010-ի մայիսին մի մարդ է գնացել իրենց մոտ ու հայերենով առաջարկել մնալ այնտեղ' ադրբեջանական անուն-ազգանունով, իրենք հրաժարվել են, որի պատճառով ծեծի է ենթարկվել: «Հունիսի 11-ին Կարմիր Խաչից եկան, ես պառկած էի, բացեցի, կապտուկներս տեսան, դիմումները ներկայացրեցինք' Հայաստան հետ վերադառնալու»,- նշեց Եղիշե Գևորգյանը:

 

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին տեսնելու համար, Եղիշե Գևորգյանի տեղեկացմամբ, սպառնացել են հացադուլի դիմել, նույնիսկ ինքնասպան լինել:

 

Նա հայտնեց նաև, որ նույն վայրում են սպանել հովիվ Մանվել Սարիբեկյանին, իսկ վերջերս էլ այդտեղ են պահել հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին: «2010 թվականին Մանվել անունով մեկին այն հարկի տակ, որտեղ մենք քնում էինք, կախել են: Ոչ մեկ չի կարող դա ժխտել»,- ասաց Եղիշե Գևորգյանը:

 

Ռուզաննա Գևորգյանը ժպտալով հայտնեց, որ շատ ուրախ է հայրենք վերադառնալու համար, այնուհետև հավելեց. «Ես հինգ տարի շարունակ խնդրել եմ, որ շաբաթը մեկ ժամով ուսուցիչ տրամադրեն իմ երեխաներին, նրանք ասացին' հայերեն չենք կարող, բնական է, որ հայերեն չգիտեն, ես խնդրեցի ռուսերենով:

 

Բայց այդպես էլ մի դասատու թույլ չտեցին, որ իմ երեխաների հետ պարապեր: Ադրբեջանն անընդհատ ասում է' մենք տոլերանտ պետություն ենք. դա՞ է տոլերանտ պետությունը»,- եզրափակեց Ռուզաննա Գևորգյանը: