Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Արցախի և Ադրբեջանի սահմանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն Ադրբեջանի կողմից վերջերս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գերության մեջ հայտնվելը քաղաքական շոուի վերածումը համարել է սադրիչ քայլ, որը խախտում է բարոյականության և միջազգային իրավունքի նորմերն ու դրույթները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նման քաղաքականությունը մեծ հարված է հասցնում հակամարտության խաղաղ կարգավորմանը և այս համատեքստում կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը: