Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ու թուրքական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարը նշել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ:
«Մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը մշտապես վատթարանում է հակամարտությունների ժամանակ: Մենք դրա ականատեսը եղանք Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությամբ իրականացված հարձակման ժամանակ, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղն ավերվեց»,- հայտարարել է նա:
Ժան Ասելբորնն անդրադարձել է նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և Թուրքիայում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների փաստին՝ ասելով. «Ժողովրդավարության ոգին ապրում է երկխոսության և գաղափարների քննարկման մեջ: Երբ խոսում է մեկ ձայն, սովորաբար դա լինում է ամենաուժեղի, բռնաճնշումների ձայնը»: