Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' Ամերիկան մուսուլմանների կողմից հայտնաբերելու մասին անհեթեթ հայտարարությանը հաջորդել է մեկ այլ թուրք պաշտոնյայի ոչ պակաս զավեշտալի հայտարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըքը Կոնիայում հայտարարել է, թե երկրագնդի կլոր լինելը հայտնաբերել են մուսուլման գիտնականները:
Թուրք նախարարի համոզմամբ' դեռևս Գալիլեո Գալիլեյից 700-800 տարի առաջ 71 մուսուլման մաթեմատիկոս և աշխարհագրագետ հայտնաբերել էին, որ մեր Երկիրն ունի գնդի տեսք:
Ավելի վաղ Լատինական Ամերիկայի մահմեդական կրոնական առաջնորդների գագաթնաժողովի վերջում ունեցած ելույթում Էրդողանն ասել էր, թե 1178 թվականին այսինքն' Կոլումբոսից 314 տարի առաջ Ամերիկայի աշխարհամաս են հասել մահմեդական ծովայինները: Նրա խոսքով' Կոլումբոսը նույնիսկ իր հուշերում խոսել է Կուբայի ափեր հասնելու ժամանակ սարի գլխին մզկիթ տեսնելու մասին: Այս անհեթեթ հայտարարությունը ծաղրի առարկա էր դարձել ինչպես արտասահմանյան, այնպես էլ թուքրական ԶԼՄ-ներում: