Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձրաձայնել է թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտիների հրատապ ստեղծման անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Նյու Յորքից վերադառնաուց հետո, լրագրողների հետ հանդիպմանը:

 

«Տարածաշրջանում հիմա ճգնաժամային իրավիճակ է: Վերջին 4 տարիների ընթացքում միջազգային հանրության մոտ ողջամտությունն այդպես էլ չգերակշռեց: Անհրաժեշտ է շատ շտապ թուրք-սիրիական օդային սահմանին ոչ թռիչքային գոտի ստեղծել և այդտեղ անվտանգություն ապահովել: Միևնույն ժամանակ, Սիրիայում հարկավոր է անվտանգության գոտի ստեղծել, բուֆերային գոտի»,- ասել է Էրդողանը:

 

Էրդողանը տեղեկացրել է, որ քննարկել է այս հարցը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ: «Մենք այս հարցը կքննարկենք նաև մեր կառավարությունում, որից հետո հանրությանը կտեղեկացնենք արդյունքների մասին: Հոկտեմբերի 2-ին խորհրդարանում բանակին մանդատների տրամադրումը թույլատրելու հարց կներկայացվի: Բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են այս ուղղությամբ, մենք կիրականացնենք»,- տեղեկացրել է Թուրքիայի Նախագահը:

 

Այդ մանդատները, ինչպես նշվում է, կարող են պարունակել դրույթներ միջսահմանային միջոցառումների, ինչպես նաև կոալիցիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության մասին:

 

Էրդողանը նաև նշել է, որ 4 տարի առաջ «Իսլամական պետությունը» գոյություն չի ունեցել: Թուրքիայի Նախագահի խոսքով՝ դրա սկզբնաղբյուրը եղել է Իրաքում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը: «Իսլամական պետություն»-ն «Ալ Քաիդա»-ի թևն է, որը Սիրիայում է ուժ ստացել: Իրաքում ալ Մալիքիի բանակի փախուստից հետո նրանց ձեռքերում ամերիկյան զենք է հայտնվել»,- հայտարարել է էրդողանը: