Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտու ստեղծման աշխատանքների մասին:
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Էրդողանը հայտնել է, որ իրենց դաշնակից ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքում հասկացել են, որ երկուստեք ցանկություններն ու նպատակներն այնքան էլ չեն համընկնում: ԱՄՆ-ն աջակցում է Եփրատի արևելյան ափերին տեղակայված քրդական ուժերին, իսկ Թուրքիայի նպատակը այդ տարածքը «Քրդական աշխատավորական» կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալներից մաքրելն է:
«Եթե մինչև սեպտեմբերի վերջ անվտանգ գոտին չստեղծվի, ապա մենք մեկ այլ եղանակով կմտնենք Սիրիայի հյուսիս: Սա մի քանի ուղղաթիռի թռիչքով և հինգից տասը զրահամեքենայով լուծվող հարց չէ»,- նշել է նախագահը:
Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները:
Թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են հասել, և օգոստոսի 24-ից սկսել է գործել Համատեղ գործողությունների կենտրոնը, որը համակարգելու և ղեկավարելու է անվտանգ գոտու ստեղծման աշխատանքները:
Թուրքիայի նախագահ խոսնակ Իբրահիմ Քալընը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին հայտնել է, որ թուրքական կողմը ավարտել է անվտանգ գոտի ստեղծելու համար իրականացվող նախապատրաստական աշխատանքները և ակնկալում է թափ հաղորդել հետագա համատեղ իրականացվելիք քայլերին: