Հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կառավարման ձեւը փոխելու հնարավորություն են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական մամուլը, այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այդ երկիրը դեպի նախագահական կառավարման համակարգ տանելու գլխավոր ջատագովն է:

 

 

«Թուրքիան կարեւոր ժամանակաշրջան է ապրում: Այն զարգանում է, եւ գնալով կառավարման համակարգում փոփոխությունն անհրաժեշտություն է դառնում: Հին Թուրքիայի սովորույթներով մենք չենք հասնի մեր նպատակներին: Մեզ նախագահական համակարգ է պետք, եւ ես գտնում եմ, որ հունիսի 7-ի ընտրությունները դա անելու հնարավորություն կտան», -ասել է Էրդողանը:

 

 

Էրդողանը Թուրքիայի ապագա տնտեսական եւ հոգեւոր զարգացումը կապում է հենց նախագահական համակարգին անցնելու հետ:

 

 

Թուրքիայի ընդդիմությունը խիստ դեմ է տրամադրված նման հեռանկարին' գտնելով, որ Էրդողանը ձգտում է ավտորիտարիզմի, իսկ նախագահական համակարգին անցումը նրան ամբողջական իշխանություն կտա 92 տարվա խորհրդարանական ավանդույթով երկրում: