Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ին հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» ԱՀ Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Նիստի օրակարգը հաստատելուց հետո, որպես նախագծի հեղինակ, հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն » խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ով ներկայացրել է հայտարարության տեքստը:
Պատգամավորների կողմից առաջարկվել է տեքստում կատարել որոշակի խմբագրում,ինչն ընդունվել է հեղինակի կողմից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ է քվեարկել ներկայացված հայտարարության նախագծին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում: