«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է օրվա կարևորագույն տեղեկատվությունը.
Ադրբեջանի աննախադեպ լկտիությունը. հակառակորդը կիրառել է ականանետեր, գնդացիրներ, դիպուկահարներ
Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Մասնավորապես առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ:
Հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ և իրադրությունը պահել վերահսկողության տակ:
***
Արամ Մանուկյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում և սալջարդ
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հոսպիտալացվել է: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց պատգամավորի որդին՝ Արեն Մանուկյանը:
«Ախտորոշվել է ուղեղի ցնցում, սալջարդ և աչքի հետ կապված խնդիրներ»,- ասաց Արեն Մանուկյանը:
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է նաև տեսանկարահանող սարք, որի տեսագրությունը հետազոտվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից:
***
Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակումը դատապարտելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը չընդունվեց
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստն սկսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ. հանձնաժողովը դատապարտող հայտարարություն պետք է տարածի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ:
«Դեպքը, իհարկե, դատապարտելի է, և իրավապահ մարմինները պետք է անեն ամեն ինչ՝ գործը բացահայտելու և մեղավորներին հանրությանը ներկայացնելու համար: Ծեծի դեպքերը վերջին օրերին ավելի հաճախակի են դարձել: Ինչպես Արամ Մանուկյանի, այնպես էլ ազատամարտիկների ծեծի դեպքերը պետք է հասարակության խստագույն դիմադրությանն արժանանա»,- ասաց Փաշինյանը:
Սամվել Ֆարմանյանն էլ ասաց, որ իր համար ևս դատապարտելի է Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածը. «Չեմ կարծում, որ խորհրդարանում կգտնվի մի պատգամավոր, որը չդատապարտի խորհրդարանի անդամի հետ տեղի ունեցածը: Ես հեռու եմ այն մտքից, որ նման մարդիկ կան այս հանձնաժողովում և կարծում եմ, որ հանձնաժողովի անունից հայտարարություն տարածելու կարիք չկա»,- եզրափակեց Ֆարմանյանը:
Հանձնաժողովը Փաշինյանի առաջարկը դրեց քվեարկության, կողմ քվեարկեցին Փաշինյանը և Ալեքսանդր Արզումանյանը:
***
ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է քաղաքական գործիչների նկատմամբ ոտնձգությունները
Խորապես մտահոգված եմ վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, առավել ևս մարդկանց ծեծի, բռնության ենթարկելու դեպքերի մասին տեղեկություններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Սուրեն Սարգսյանի դեպքի նույ ն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, իմ տեղակալը հանդիպել է նրան, երեկ՝ ժամը 23-ի սահմաններում, իմ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանի բնակության վայր:
Թեև այս պահի դրությամբ Սուրեն Սարգսյանը և Արամ Մանուկյանը մեզ դիմում-բողոքներ չեն ներկայացրել ընդդեմ պետական մարմինների, սակայն պատրաստ ենք հարուցել վարույթներ տուժածներից բողոքներ ստանալուն պես: Անկախ այդ հանգամանքից՝ այս բոլոր գործերի քննությունն առաջիկայում ևս կլինի մեր ուշադրության կենտրոնում:
Ակնկալում եմ, որ բոլոր իրավապահ մարմինները կգործեն օպերատիվ և անաչառ, որպեսզի մեղավորները հնարավորինս արագ բացահայտվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Հանրությունը պետք է համոզվի, որ մեղավորներն անպատիժ չեն մնում, իսկ քաղաքացիների ապահովության սպառնալիքները վերացված են:
Հանցագործությունների բացահայտմանը զուգընթաց, կոչ եմ անում բոլորին, հատկապես պետական և քաղաքական գործիչներին, իրենց հրապարակային ելույթներում պահպանել քաղաքական զսպվածության և իրավական էթիկայի նորմերը: Վերջին օրերին առանձին ագրեսիվ արտահայտություններ արդարացիորեն վրդովեցրել են հանրությանը: Հետագա անհարկի լարումից խուսափելու համար հուսով եմ՝ բոլոր կողմերը կպահպանեն մասնագիտական և մարդկային վարքագծի անհրաժեշտ ստանդարտները»,-գրել է նա:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի' անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու դեպքով ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է ընթանում: Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծել են սեփական տան մուտքի մոտ դեկտեմբերի 11-ի երեկոյան:
***
ԵԿՄ «Երիտասարդ Երկրապահ» կազմակերպությունը 10 տարեկան է
«Երիտասարդ երկրապահ» կազմակերպության 5-րդ համագումարը: Այս կառույցի հիմնական նպատակն է երիտասարդության շրջանում սերմանել հայրենասիրությունն ու վառ պահել զոհված ազատամարտիկների հիշատակը' ապրեցնելով նրանց նոր սերնդի միջոցով:
ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության նախագահ էդգար Բարսեղյանը ներկայացնում է անցած տարիների կատարած գործունեությունն ու առաջիկա համագումարի նախապատրաստական աշխատանքները' մեկ անգամ ևս հիշեցնելով ազգային հերոս Մովսես Գորգիսյանի թևավոր խոսքը. «Կեցցե´ այն Հայաստանը, որ վաղն է գալու»…Շարունակությունն՝ այստեղ:
***
Ոստիկանները բերման են ենթարկել Մալաթիայում կրակոցներ արձակած տղամարդուն
Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում դեկտեմբերի 11-ին' ժամը 13.15-ին, հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի ձախ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1975թ. ծնված Ստեփան Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մալաթիայից դեպի Ախպարաշեն տանող ճանապարհին: Ըստ բժշկի տեղեկանքի, Ստեփան Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը' ժամը 12.00-ին, Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող գերեզմանատան տարածքում, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված տեսակի հրազենով Ստեփան Ա.-ի ուղղությամբ կրակոց է արձակել 1977թ. ծնված Շիրակ Ա.-ն, որը ժամը 22.40-ին իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոց առումներ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Բաքուն դիվանագիտական դելիկատ լեզուն չի հասկանում. Նալբանդյան
Փաստը, որ Բազելում եռանախագահների հայտարարությունից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է ռազմական ճանապարհով կարգավորվի, փաստում է, որ Ադրբեջանը չի հասկանում եռանախագահների լեզուն, դիվանագիտական «դելիկատությունն», ու ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է համապատասխան եզրակացություն անի:
Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դետեմբերի 12-ին Երեւանում Լիտվայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Միգուցե դա Բաքվի պատասխանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հայտարարությանը: Բազելում եռանախագահներն ընդգծեցին, որ ռազմական լուծում հիմնախնդրի կարգավորմանը չի կարող լինել եւ կոչ էին անում բացառապես խաղաղ ճանապարհով հասնել կարգավորման ու ընդգծում խաղաղության համաձայնագրի հաստատումը:
Ադրբեջանի հայատարարությունները եւ շփման գծում սրացումները եւս մեկ անգամ հաստատում են, որ Բաքվում դիվանագիտական դելիկատ լեզուն չեն ընդնունում եւ եռանախագահները պետք է համապատասխան եզրակացություն անեն»,- ասաց Նալբանդյանը:
ԵԱՀԿ ամենամյա նախարարական հավաքին Բազելում դեկտեմբերի 4-ին Մինսկի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները կրկին վերահաստատել են իրենց հանձնառությունը' Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի' Եվրոպայի հարցերով պետքարտուղար Առլեմ Դեզիրը հանդես են եկել համատեղ հայտրարությամբ, որով բացառել են հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը և կոչ արել կողմերին զերծ մնալ բռնությունից, ակտիվորեն աշխատել երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ:
***
Հարձակում Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարի վրա
Անհայտ անձինք հարձակվել են Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի վրա: Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ոստիկանությունը դեպքի առթիվ հաղորդում ստացել է:
«Հանգամանքները պարզվում են: Անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել»,- ասաց Ահարոնյանը:
Նշենք որ նման դեպք արձանագրվել է նաև երեկ. հարձակման էր ենթարկվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
***
Ադրբեջանական գերությունից փրկված ընտանիքը խոսել է գերության սարսափների մասին
Ադրբեջանական գերությունից հինգ տարի անց հայրենիք վերադարձված ընտանիքի հինգ անդամները լրագրողներին մանրամասներ ներկայացրին Բաքվում իրենց կյանքի պայմանների մասին:
«Ապրել ենք Բաքու քաղաքում' զինվորական ոստիկանության շենքում: Մենք ունեցել ենք փախստականի կարգավիճակ, բայց ապրել ենք ինչպես գերի, պատանդ, ճորտ»,- ասաց ընտանիքի հայրը' Եղիշե Գևորգյանը:
«Ինչպե՞ս էին վարվում ձեզ հետ» հարցին տրված պատասխանը հեռու է հումանիզմից: «Ինձ էլեկտրաշոկի են ենթարկել, կնոջս բռնությամբ տարել են աբորտի: Մենք ուզում էինք այդ հղիությամբ գերությունից ազատվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հավելեց նա:
Ռուզաննա Գևորգյանի խոսքով' իրեն ասել են' ամուսնուդ ողջ չես տեսնի, նա էլ համաձայնել է ու հրաժարվել չծնված երեխայից:
Եղիշե Գևորգյանի պատմելով' 2010-ի մայիսին մի մարդ է գնացել իրենց մոտ ու հայերենով առաջարկել մնալ այնտեղ' ադրբեջանական անուն-ազգանունով, իրենք հրաժարվել են, որի պատճառով ծեծի է ենթարկվել: «Հունիսի 11-ին Կարմիր Խաչից եկան, ես պառկած էի, բացեցի, կապտուկներս տեսան, դիմումները ներկայացրեցինք' Հայաստան հետ վերադառնալու»,- նշեց Եղիշե Գևորգյանը:Շարունակությունն՝ այստեղ: