ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի քսանամյակին նվիրված միջոցառումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդիա Մուրադյանը շեշտեց, որ իր գործունեությամբ կենտրոնը առողջապահության ոլորոտի լավագույն օրինակներից է համարվում: «Կենտրոնն իր քաղաքականությամբ կմնա աներեր եւ գործունեությունը կշարունակի ի շահ ժողովրդի, ի շահ հիվանդի»,- ասաց Մուրադյանը' հավելելով, որ այս տարիների ընթացքում կենտրոնն ավելի քան 22.000 սրտի բաց եւ փակ վիրահատություն է իրականացվել:
«Ուզում եմ շնորհավորել բժշկական կենտրոնի քսանամյակի կապակցությամբ, բայց առաջին հերթին' որակյալ գործունեության համար, նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր աշխատողներին' բժշկից մինչեւ պահակ: Շնորհակալ եմ»,- նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հոբելյանի առթիվ Սերժ Սարգսյանը կենտրոնի մի խումբ բժիշկների առողջապահության ոլորտում ունեցած ավանդի համար արժանացրեց մեդալի: Սրտաբան Հրայր Հովակիմյանն էլ պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:
Միջոցառմանը ներկայացվեց ֆիլմ բժշկական կենտրոնի գործունեության վերաբերյալ: