Ֆեյսբուքյան օգտատեր Մանե Ռաֆայելյանն ահազանգում է, որ «Նորք-Մարաշ» հիվանդանոցի մանկական սրտաբան Կարեն Կուրդովը ծեծել է իր երեխային։  Նա, մասնավորապես, գրել է․ «Երեկ ինձ հետ մի դեպք է պատահել, մինչև հիմա շոկի մեջ եմ ու ով լսում է դրա մասին, նույնպես շոկի մեջ է ընկնում։ 4 տարեկան երեխայիս տանում ենք «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոց` սրտի «ЭХО»-ի։ Այդ բժիշկ կոչվածը՝ (մանկական բժիշկ) Կարեն Կուրդով անուն-ազգանունով, իմ երեխուն նենց ա ծեծել, որ մինչև հիմա տեղը մնացել է երեսի վրա։ Ու դա արեց երեխայիս վրա գոռալուց ու քաշքշելուց հետո, միայն նրա համար, որ իմ 4 տարեկան երեխան վախեցավ ու չէր ուզում պառկեր։ Ինձ էլ գոռալով ու հպարտ ձայնով ասեց, որ գնամ բոլորին ասեմ, որ իրեն չլսող երեխաների հետ ինքը սենցա վարվում:
Եթե կան մարդիկ, ովքեր առնչվել են իրա հետ, խնդրում եմ գրեք ինձ, չթողնենք, որ մյուս երեխաների հետ նույն կերպ վարվի»,- գրել է երեխայի մայրը։
 
ԼՈՒՐԵՐ․com-ը միջադեպի վերաբերյալ փորձեց մեկնաբանութոյւն ստանալ նաև «Նորք-Մարաշ» ԲԿ-ի մանկական սրտաբան Կարեն Կուրդովից, սակայն հիվանդանոցի մամուլի պատասխանատուն փոխանցեց, որ այս պահին բժշկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ «Միջադեպի հետ կապված զբաղվում են իրավապահ մարմինները, այս պահին ոչ մի բան ձեզ չեմ կարող հաղորդել։ Նախաքննություն է ընթանում։ Բժիշկ Կուրդովը ևս ձեզ նույն պատասխանն է տալու»,- ասաց նա։ 
 
Մեզ հետ զրույցում ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն էլ փոխանցեց, որ մարտի 18-ին, ժամը 17։03-ին, նշված բովանդակությամբ հաղորդում ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել է, նյութեր են նախապատրաստվում։
 
Սոնա Հարությունյան