Ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու գծով նախագծերում ներդրումները կհասնեն 45-48 մլրդ դոլարի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով virtualaz.org-ը, հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:

 

Ավելի վաղ խոսվում էր մինչեւ 45 մլրդ դոլարի մասին, եւ կայքը SOCAR-ի նախագահի այդ հայտարարությունը մեկնաբանել է այնպես, որ «Շահդենիզ 2» հանքահորի գազը Եվրոպա փոխադրելու Անդրադրիատիկ (TAP) եւ Անդրանատոլիական (TANAP) գազամուղ խողովակաշարերի նախագծերը թանկանում են, սակայն, դեռեւս պարզ չէ, թե արդյունահանման ծավալների մասին է, թե ենթակառուցվածքներ ստեղծելու մասին:

 

Ենթակառուցվածքային ներդրումները նախատեսում են Հարավային Կովկասի գազային գծերն ընդլայնելու, TANAP եւ TAP գազային խողովակաշարերի շինարարության աշխատանքները: Դրանց մեջ ամենաթանկը TANAP-ն է, որում SOCAR-ի մասնաբաժինը կազմում է 58 տոկոս: Նախնական տեղեկություններով' TANAP-ի վրա պետք է ծախսվի 11,8 մլրդ դոլար:

 

Կայքին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 12-ին Կանադայի ներդրումային վարկային Export Development Canada (EDC) գործակալությունը SOCAR-ին 3,3 մլրդ դոլարի վարկ է հատկացրել: Գործակալության կողմից հրապարակված մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ վարկը SOCAR-ի դուստր ձեռնարկությանը' Star Rafineri A.S. ընկերությանը հատկացվել է Թուրքիայում Star նավթաքիմիական համալիրի շինարարության համար:

 

Դրանից առաջ Star Rafineri համալիրի շինարարությունը վարկավորելու համար SOCAR-ը դիմել էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին եւ մերժում ստացել: Նշվում է, որ EDC-ից ստացած վարկը SOCAR-ի կողմից մինչ այժմ արտասահմանից ստացած ամենամեծ վարկն է: