Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը նշանակվել է ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու գծով կոնսորցիումի խորհրդական: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է The Financial Times թերթը:

 

Նշվում է, որ Թոնի Բլերը հրավիրվել է աշխատելու Գերմանիայի ԱԳՆ նախկին ղեկավարՀանս-Դիտրիխ Գենշերի, Goldman Sachs International բանկի նախագահ եւ «Բրիթիշ Փեթրոլիում» (BP) ընկերության նախկին գործադիր տնօրեն Փիթեր Սազերլենդի մասնակցությամբ խմբում, որն զբաղվելու է ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու «Հարավային միջանցք» համարվող «Շահդենիզ-2» նախագծով:

 

BP-ում գտնում են, որ «Հարավային միջանցք» նախագծի նոր խորհրդատվական խումբը խորհրդատվություններ է կատարելու «Շահդենիզ-2»-ի' Անդրանատոլիական (TANAP) եւ Անդրադրիատիկ (TAP) գազատարների նախագծերի իրականացման ժամանակաշրջանում հնարավոր քաղաքական, տնտեսական, էկոլոգիական եւ սոցիալական խնդիրների լուծման շուրջ:

 

2009 թվականի դեկտեմբերին Թոնի Բլերը մասնակցել է Ադրբեջանում մեթանոլի արտադրության գործարանի հիմնարկեքի արարողությանը, որը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկի հաշվին կառուցել են ադրբեջանցի օլիգարխ Նասիբ Փիրիեւը եւ նրա որդին' Նիզամի Փիրիեւը: Այն ժամանակ 20-րոպեանոց ելույթի համար Թոնի Բլերը ադրբեջանցի օլիգարխից 200 հազար մանաթ (մոտ 200 հազար եվրո) է ստացել, ինչի պատճառով խիստ քննադատության է ենթարկվել բրիտանացի իրավապաշտպանների կողմից:

 

Թոնի Բլերին քննադատել են նաեւ Ղազախստանի կառավարության բարեփոխումների ծրագրում 2011 թվականին խորհրդատվական աշխատանքի եւ այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ բարեկամություն անելու համար:

 

Ուշագրավ է նաեւ այն, որ Թոնի Բլերին «Հարավային միջանցք» նախագծում խորհրդական նշանակելու մասին լուրերին նախորդել է Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուի եւ BP-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Դադլիի հանդիպումը Բուքինհեմյան պալատում, ինչպես նաեւ Անգլիայի էներգետիկայի նախարար Մայքլ Ֆելլոնի այցը Բաքու: