Համաշխարհային շուկաներում դոլարի կայունացման և ազգային արժույթի արժեզրկման երևույթը Հայաստան հասավ նոյեմբերի վերջին: Դա խուճապային տրամադրություններ ստեղծեց ֆինանսական շուկայում, և բանկերը սկսեցին պահպանողական վարքագիծ դրսևորել'8 օր շարունակ դադարեցնելով գործարքները «Նասդաք Արմենիա» ֆոնդային բորսայում: Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկը սկսեց դոլարի աճուրդներ իրականացնել բորսայական հարթակից դուրս: Ստեղծված իրավիճակի, Կենտրոնական բանկի որոշման և բոսայում առկա սպասումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է «Նասդաք Արմենիա»-ի տնօրեն Կոստանտին Սարոյանի հետ:
-Նոյեմբերի 24-ից հետո, երբ դրամը սկսեց արժեզրկվել, «Նասդաք Արմենիա»-ում նվազեցին արտարժույթի առքուվաճառքի գործարքները, իսկ դեկտեմբերին 8 օր շարունակ գործարք տեղի չունեցավ: Ի՞նչ կատարվեց այդ օրերի ընթացքում:
-Հայաստանում արտարժույթի շուկան ձևավորված է մի քանի հարթակներով. կա կարգավորվող շուկա, որը բորսայական առևտուրն է և արտաբորսայական առևտուր, որը մենք կոչում ենք օթիսի (otc), այսինքն over the counter վաճառք։ Բանկերն այսօրվա դրությամբ իրենք են ընտրում՝ որտեղ գործարք կատարել։ Միջին տարեկան հաշվարկով մենք ծածկում ենք արժութային շուկայի մոտ 80 տոկոսը։ Սակայն կան ամիսներ, երբ բանկերը հիմնականում առևտուրը կազմակերպում են ոչ թե բորսայի միջոցով, այլ բորսայական հարթակից դուրս, ասենք, իրար զանգահարելով։ Իհարկե, որպես մասնավոր ընեկրություն մեր գերնպատակն է հնարավորինս ավելացնել «Նասդաք Արմենիա»-ի մասնաբաժինը շուկայում, սակայն չենք կարող ստիպել բանկերին բորսայում կատարել արտարժույթի առքուվաճառքը։ Հաճախ, երբ հարցնում ենք բանկերի ղեկավարներին, թե ինչու են իրենք ընտրում բորսան կամ արտաբորսան, օրինակ նույն պետպարտատոմսերի շուկայի մասով, նրանք ասում են՝ «մեզ այս պահին հարմար է այստեղ կնքել գործարք»։ Դա իրենց ցանկություն է։ Թե ինչո՞ւ վերջին օրերին նվազեցին բորսայական գործարքները, միանշանակ պատասխան չկա։ Շուկայի մասնակիցները պարզապես չեն ցանկացել բորսայում գործարք անել։ Արդյոք դա մեզ մտահոգո՞ւմ է. իհարկե մտահոգում է։
-Եթե առևտրային բանկերի ցանկությունը՝ իրականացնելու արտաբորսայական գործարքներ, հասկանալի է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ Կենտրոնական բանկը նախընտրեց դոլարի աճուրդներն իրականացնել ոչ թե բորսայական հարթակում, այլ սեփական միջոցներով։
- Կենտրոնական բանկը՝ որպես շուկայի մասնակից, մեր հարթակում նույն ստատուսն ունի, ինչ մնացած բանկերը, պարզապես այն խոշոր և կարևոր խաղացող է արժույթի շուկայում։ Իհարկե, մեզ համար կարևոր է, որ Կենտրնական բանկը բորսայում գործարքներ իրականացնի, սակայն թե ինչո՞ւ է բանկը որոշել հիմա իր միջոցներով իրականացնել դոլարի վաճառք, չգիտեմ և չեմ էլ հարցրել։ Պատկերացրեք այս իրավիճակը. կա շուկա և շուկայական հարաբերություններ, Կենտրոնական բանկը մեր հաճախորդն է, բացի դեպոզիտարիայի կարգավորող լինելուց։ Հիմա նա որոշել է, որ գործարքներ է իրականացնելու ուղղակիորեն, ոչ թե մեր միջնորդությամբ։ ԿԲ-ն ամեն օր վաճառում է ինչ-որ ծավալի դոլար, իսկ բանկերը իրենց պահանջարկը բավարում են այդտեղ։ Այսինքն' կա միակողմանի պահանջարկ և միակողման առաջարկ, որը բավարարվում է արտաբորսայական հարթակով։
Մեր հարաբերությունները Կենտրոնական բանկի հետ չեն փոխվել, մենք համագործակցում ենք բազմաթիվ հարթակներում, իսկ կոնկրետ արժութային հարթակում իրենք որոշել են այդպես վարվել։ Ես չէի ցանկանա մեկնաբանել այդ վարքագիծը, քանի որ Կենտրոնական բանկի որոշումները մենք գնահատում ենք որպես լավ որոշում։ Բիզնես հարաբերություններում մենք չենք կարող հաճախորդին ասել՝ դու սխալ ես։ Միգուցե մե՞նք ենք թերացել, սակայն դա դեռ պետք է հասկանալ։ Մեզ, իհարկե, մտահոգում է, որ Կենտրոնական բանկն աճուրդ է անում առանց մեր մասնակցության, սակայն դրան նորմալ ենք վերաբերվ ում։
- Երբ դրամն սկսեց արժեզրկվել, վարկային ռեսուրսների հարթակնում տոկոսադրուքները 8-10 տոկոսից բարձրացան մինչև 20-22 տոկոս։ Տոկոսադրույքների նման կտրուկ աճն ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել։ Մինչ տարեվերջ տոկոսադրույքները կարո՞ղ են կարգավորվել։
-Տոկոսադրուքների կտրուկ աճը դրական չի կարող անդրադառնալ շուկայի վրա, չէ որ թողարկողի տեսանկյունից ռեսուրսը թանկանում է։ Դրա հետևանքները կարելի է երկար վերլուծել, սակայն առաջին հայացքից կարելի է ասել, որ երբ փողի շուկայում բարձրանում են տոկոսադրույքները, դա բերում է նույն պետական պարտատոմսերի տոկոսադրույքների բարձրացմանը, ինչը նշանակում է ռեսուրսի թանկացում և այլընտրանքային ներդրման աղբյուրների ուժեղացում։ Այսինքն, եթե օրինակ մարդիկ բանկում էին խնայում գումարը, հիմա գուցե հակված լինեն այլ գործիքում ներդնել այն։ Փողի շուկայու մ տոկոսադրույքների բարձրացումը միջնաժամկետ հատվածում բերում է այլ գործիքների տոկոսադրույքների բարձրացմանը։ Իսկ կտրուկ բարձրացումը, որ այս պահին եղավ, պետք է մեղմել։ Համոզված եմ, որ մինչ տարվա վերջ տոկոսադրույքները կկարգավորվեն։ Սա «վսպլեսկ» էր, որը հետզհետե կհարթեցվի։
- Բայց կհասնի՞ արդյոք տոկոսադրույքը 7-8 տոկոսի։
- 7 տոկոսի, չեմ կարծում, թե հասնի, բայց 20 տոկոսն էլ է աբսուրդ։ Անցած օրերին եղան նույնիսկ դեպքեր, երբ բանկերը 25 տոկոսով էին գործարք կատարում։ Սակայն սա շոկային իրավիճակ էր, որը ժամանակի ընթաքում կհարթեցվի։ Այստեղ Կենտրոնական բանկի լծակներն ուժեղ են։ ԿԲ-ը՝ նաև որպես պետական պարտքի կառավարող և Կառավարության գործակալ, ունի նման գործառույթներ։
- Նշեցիք, որ տոկոսադրույքների այս բարձրացումը բերում է նաև այլ գործիքների տոկոսադրույքների բարձրացմանը։ Մասնավորապես, ի՞նչ կարող եք ասել պետական պարտատոմսերի մասով։
- Եթե վարկային ռեսուրսների հարթակում 20-22 տոկոսը լիներ կայուն և օբյեկտիվ, ապա պետական պարտատոմսերի տոկոսադրույքը չէր կարող լինել օրինակ 13 տոկոս, այն առնվազն պետք է մոտ լիներ 22-ին։ Իսկ եթե պետական պարտատոմսերն այսօր տեղաբաշխվել են 13 տոկոսով, ապա ստացվում է, որ 22-ն իրական տոկոսադրույք չէ։ Կարճաժամկետ հատվածում սա նորմալ երևույթ է, քանի որ ազատ շուկա է. կա մեծ պահանջարկ, իսկ առաջարկը չի բավարարում։ Նա, ով ուզում է ստանալ այդ դրամական ռեսուրսը, ասում է՝ ես պատրաստ եմ 15, 16, 17, 20 տոկոսով գնել այն։ Տոկոսադրույքներն այնքան են բարձրանում, մինչև նա , ով տիրապետում է այդ ռեսուրսին, որոշում է տեղաբաշխել այն։ Չկա չվաճառվող բան, գնից է կախված։
- Ստեղծված իրավիճակը շոկային էր բոլորի համար, ներկայումս ի՞նչ սպասումներ կան շուկայի մասնակիցների մոտ։
-Եթե մենք համադրենք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոները, ապա ամենամեծ դերակատարումն ունի հենց սպասումը։ Սպասումները և պանիկան, արագ փող աշխատելու կամ հարստանալու ձգտումը բավականին արտահայտիչ են, քանի տեղեկատվությունն արագ է շրջանառվում։ Եթե նայենք համաշխարհային ճգնաժամերի պատմությունը, դրանք սկսվում են ինչ-որ չնչին բանից, մանրուքից, բայց այնքան արագ է ինֆորմացիան տարածվում, որ սպասումները այդ ինֆորմացիայի նկատմամբ սկսում են աճել։ Սպասումները խրախուսում են բացասական ինֆորմացիան, և վերջինս խրախուսում է ավելի վատ սպասումները։
Ես այս հարցում օպտիմիստ եմ։ Սպասում եմ, որ շուկան կկարգավորվի մինչ տարվա վերջ։ Թե՛ փոխարժեքի տատումները կգան ինչ-որ նորմալ մակարդակի, թե՛ տոկոսադրույքները կհասնեն մի միջանցքի, որը նորմալ է։ Ենթադրում եմ, որ բորսայում էլ գործարքները կկարգավորվեն։ Առջևում Ամանորյա տոներն են, այսինքն' դոլարի առաջարկը կավելանա, որովհետև մարդիկ պետք է Նոր տարի նշեն, դոլարը փոխանակեն և դրամ ունենան առևտրի համար։ Ասել, թե ո՞րն է փոխարժեքի օբյեկտիվ չափը, դժվար է։ Տոկոսադրույքների դեպքում դու կարող ես համեմատել դրանք այլ երկրների հետ։ Մեր նման երկրներում քսան տոկոսը շատ բարձր է։ Դա օբյեկտիվ տոկոսադրույք չէ և կիջնի։ Տոկոսադրույքների կարգավորումն ավելի արագ կլինի, քան փոխարժեքինը։
- Բորսայական հարթակը թափանցիկ տարածք է դոլարի առքուվաճառքի գործարքների համար։ Այն փաստը, որ այս խուճապային իրավիճակում բանկերը խուսափեցին բորսայում կատարել առքուվաճառքը, չի՞ նշանակում արդյոք, որ դաշտ ստեղծվեց սպելուլյացիաների համար, թեև ԿԲ-ն զգուշացրել էր, որ պատժվելու են սպեկուլյացիայով զբաղվողները։
-Երբ մենք փորձում ենք բանկերին նույն հարցը տալ, թե ինչո՞ւ գործարք չեք անում բորսայում, հիմանական պատասխանը, որ տալիս են, այն է, թե կոմիսիոն վճար պետք է վճարեն, մյուս մասն ասում է' մեզ հարմար է դրսում անել գործարքը: Մեզ մոտ էլ կային կասկածներ, որ գուցե բանկերը փորձում են խուսափել, որովհետև բորսան թափանցիկ շուկա է։ Սակայն, գուցե դա սյուբեկտիվ է, միգուցե մարդիկ սովորել են գործարքները անել ոչ բորսայական շուկայում։ Արտարժույթի հետ կապված այս երևույթը նոր է մեր բորսայի համար, և դեռ չենք հասցրել հասականալ, թե հիմքում ինչ է ընկած։ Մյուս կողմից, եթե ԿԲ-ն որոշում է գործարքներ անել իր աճուրդների համակարգով, ինչո՞ւ պետք է բանկերը ցանկանան մտնել բորսա։ Ես պատասխան չունեմ, թե ինչու է այդպես, և բարոյական իրավունք չեմ վերապահում ինձ քննադատելու հաճախորդին:
Հարցազրույցը' Գոհար Ավետիսյանի