Այս անգամ «Հյուրասրահ» խորագրի հյուրը երիտասարդ կին-գործարար Լիանա Սահակյանն է: Արդեն 5 տարի է, ինչ նա ղեկավարում է «Go Travel» տուրիստական գործակալությունը: Այդ տարիների ընթացքում ընկերությունը բազմաթիվ հաջողություններ է գրանցել՝ ձեռք բերելով հավատարիմ հաճախորդների ու գործընկերների մի ամբողջ բանակ, որի թիվը տարեցտարի աճում է: Լիանայի կարծիքով, ընկերության հաջողության գրավականը սպասարկման բարձր որակի ապահովումը և յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական վերաբերմունքի ցուցաբերումն է: Ինչ վերաբերում է գործընկերներին, ապա վերջիններիս վստահությունը ձեռք բերելու համար ավելին է հարկավոր՝ լինել ճշտապահ, ազնիվ, ողջամիտ ... Սակայն, կարծում ենք, որ Լիանայի պարագայում մեծ դեր է խաղում նաև նրա կանացի հմայքն ու իր նկատմամբ դեպի դրականը տրամադրելու բացառիկ ունակությունը:


- Որտեղի՞ց են սերում Ձեր արմատները:

 

- Թեև ծնվել եմ Երևանում, արմատներով Արցախից եմ: Պապիկս խորհրդային տարիներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ-ում, սակայն հայրս ու մայրս, երկուսն էլ լինելով Ղարաբաղից, ծանոթացել և ամուսնացել են Երևանում: Ծնողներս մասնագիտությամբ մանկավարժներ են, և իմ ու կրտսեր եղբորս դաստիարակության ու կրթվածության հարցերը միշտ հատուկ ուշադրության կենտրոնում են եղել: Սակայն կարծում եմ, որ նրանց ամենամեծ նվաճումը միմյանց սիրող և նվիրված զավակներ դաստիարակելն է: Եղբայրս կյանքիս ամենակարևոր մարդկանցից է. նրան լիովին վստահում եմ ու գիտեմ, որ ցանկացածս պահին, կյանքի ցանկցած իրավիճակում միշտ կողքիս է…

 


- Մանկության տարիներին ի՞նչ մասնագիտության մասին եք երազել:

 

- Երազում էի բժշկուհի դառնալ: Սակայն, երբ 14-15 տարեկան էի, մի շատ հետաքրքիր ու տարօրինակ դեպք տեղի ունեցավ: Մի օր մեր դուռը մի տարեց կին թակեց. մուրացիկ չէր և ուղղակի խնդրեց, որ իրեն որևէ մուրաբա հյուրասիրենք: Բնականաբար, մայրս չմերժեց, անգամ ներս հրավիրեց ու թեյ հյուրասիրեց: Այս տատիկն ինձ տեսնելով ՝ մի խորհրդավոր հայացք ձգեց վրաս և ապագաս գուշակելու ցանկություն հայտնեց: Հետաքրքրասիրությունից դրդված՝ հանմաձայնեցի: Իմանալով, որ ցանկանում եմ բժշկուհի դառնալ, գրեթե բղավեց վրաս, որ գլխիցս հանեմ այդ միտքը և ասաց, որ պետք է իրավաբան դառնամ և այդ դեպքում մեծ հաջողությունների կհասնեմ կյանքում: Տատիկի ասածը մեծ տպավորություն թողեց վրաս, և որոշեցի դպրոցն ավարտելուն պես ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետ դիմել: Ընդունվեցի, սովորեցի, ավարտեցի՝ ստանալով մագիստրոսի կոչում, սակայն դատարանում մի քանի օր աշխատելուց հետո հասկացա, որ սա այն բնագավառը չէ, որին կցանկանայի կյանքս նվիրել:


- Իսկ ինչո՞ւ որոշեցիք տուրիստական ընկերություն հիմնել: Պատմեք մի փոքր «Go Travel» ընկերության ստեղծման մասին:

 

- Միշտ սիրել եմ ճամփորդել՝ նոր քաղաքներ, նոր մշակույթ, թարմ տպավորություններ... Մի խոսքով, այս ոլորտն ինձ համար շատ հոգեհարազատ է, և երբ հարց ծագեց, թե ի՞նչ գործունեությամբ կցանականայի զբաղվել, ապա որոշեցի, որ դա պետք է անպատճառ տուրիստական ընկերություն լինի: 2009 թվին, ծնողներիս աջակցությամբ՝ ստեղծվեց «Go Travel» -ը, ինչն առաջին իսկ օրվանից հաջողություններ գրանցեց իր հաշվին: Նաև ասեմ, որ իրավաբանական կրթությունս շատ անգամներ ինձ օգնում է ընկերության գործունեությունը ճիշտ կազմակերպելու հարցում, և շատ գոհ եմ, որ ի սկզբանե այդ մասնագիտությունն եմ ընտրել՝ հաշվի առնելով այն տարեց կնոջ «խորհուրդը» (ծիծաղում է):


- Իսկ ո՞վ է Ձեր լավագույն խորհրդատուն:


- Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու լավագույն խորհրդատուն հենց ինքն է: Դու ինքդ պետք է հանգես այս կամ այն որոշմանը՝ ընդհանրացնելով տվյալ հարցի վերաբերյալ քո բոլոր կարծիքները: Հնարավոր է, որ սխալվես, շեղվես ճիշտ ուղուց, այնուհետև գնահատելով քայլերդ՝ շտկես թերությունները և ի վերջո՝ ճիշտ որոշում կայացնես:

 

 

- Ո՞րն է «Go Travel»-ի հաջողության գրավականը:

 

- Դրանք մի քանիսն են: Ես, որպես ընկերության ղեկավար, ամենից առաջ մեծ ուշադրություն եմ դարձնում սպասարկման որակին: Բացի այդ կարողացել ենք այս հինգ տարիների ընթացքում մեր ուրույն տեղը գրավել զբոսաշրջության ոլորտում և լուրջ ու վստահելի գործընկերներ ձեռք բերել միջազգային շուկայում:Այս ամենի արդյունքում՝ մեր կողմից մատուցված ծառայությունները, թերևս, ամենամատչելին են Հայաստանում:


- Ունե՞ք կարգախս:

 

- «Go Travel». ավելի մատչելի հնարավոր չէ»:


- Դեպի ո՞ր երկրներ եք կազմակերպում ուղևորություններ:

 

- Ներկա պահին առավել պահանջված են ուղղևորությունները դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ և Եգիպտոս: Սակայն մենք կարող ենք կազմակերպել հետաքրքիր և հարմարավետ ճամփորդություններ դեպի գրեթե բոլոր երկրներ: Ի գիտություն բոլորին` «Go Travel» ընկերությունը պատրաստել է մի շարք անակնկալներ ամանորը Էմիրություններում և Եգիպտոսում նշել ցանկացողների համար:


-Լիանա, ինչպե՞ս է ձեր ամուսինը վերաբերվում ձեր գործունեությանը, աշխատանքին:

 

- Ամուսինս՝ Անդրանիկը, ինձ երբեք չի կանգնեցրել «ընտանիք – աշխատանք» ընտրության առջև: Նա ոչ միայն չի խոչընդոտում, այլև մեծ աջակցություն է ցուցաբերում գործունեությանս: Թե՛ ամուսինս, թե՛ ես նախընտրում ենք ընտանեկան մոդելի դեմոկրատ տարբերակը, ուր տիրում է հավասարություն, համերաշխություն, մեկը մյուսին սատարելու պատրաստակամություն…


- Իսկ կկիսվե՞ք ձեր զույգի սիրո պատմությամբ:

 

- Սիրով: Մեր պատմությունը շատ ռոմանտիկ նախաբան ունի: Այն, ինչպես նաև «Go Travel» ընկերությունը, սկիզբ առավ 2009 թվականին: Մեկ շաբաթ շարունակ ես շքեղ ծաղիկներ էի ստանում ինչ-որ անծանոթից: Այս ինտրիգին առավել շեշտակի սրություն էին հաղորդում կարճ գրությունները. «մնաց մեկ շաբաթ», «…մեկ օր» և այլն: Երբ ստացա «այսօր» գրությունը, հասկացա, որ բացահայտման պահը մոտ է: Եվ իրոք. որոշ ժամանակ անց մեր գրասենյակի դուռը թակեցին, և ներս մտավ մի գեղեցկադեմ երիտասարդ՝ քաղցրավենիքն ու ծաղիկները ձեռքին… Ահա այսպես սկսվեց կյանքիս նոր դարաշրջանը…

 


- Իսկ կարո՞ղ եք հիշել Ձեր ամենաերջանիկ օրը:

 

- Ես էությամբ լավատես մարդ եմ ու գնահատում եմ այն ամենը, ինչ ունեմ, այն մարդկանց, ովքեր շրջապատում են ինձ: Միշտ աշխատում եմ ամեն ինչում բարին տեսնել, լավը, գեղեցիկը, ու դրա շնորհիվ կյանքս լի է երջանիկ պահերով: Սակայն երջանիկ օրերի շարանում առավել յուրահատուկ տեղ են զբաղեցնում մեր հարսանյաց և փոքրիկիս լույս աշխարհ գալու օրերը:


- Ո՞րն է կյանքում Ձեր ստացած ամենալավ նվերը:

 

- Ամուսինս՝ Անդրանիկը, երբ դեռ ամուսնացած չէինք, սուրբ Վալենտինի օրվա առթիվ ինձ , բառիս բուն իմաստով՝ աստղ նվիրեց, և այսօր հեռավոր տիեզերքում իմ անունով կոչված աստղ է շողում՝ վերևից լուսավորելով ճանապարհս:


- Ճակատագրին հավատո՞ւմ եք:

 

- Անշուշտ… Մարդն աշխարհ է գալիս իր ճակատագրով, սակայն այն մարդու ձեռքում է, ու մարդն ընդունակ է այն փոխել: Ճակատագիրն, ըստ իս, կարմա չէ, որից հնարավոր չէ փախչել:


- Դուք նախընտրում եք Ձեր կյանքը ծրագրավորե՞լ, թե՞ ամեն ինչ տեղի է ունենում տարերայնորեն:

 

- Ես սիրում եմ պլանավորել կյանքս, սակյան դա տխուր ծրագրավորում չէ, որ կաղպարների մեջ է առնում ազատությունդ: Սովորաբար մտքումս ինչ-որ գեղցիկ ու հաճելի պատկեր եմ ստեղծում ու մշակում քայլեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի այդ գաղափարը կյանքի կոչել:


- Դուք նշեցիք, որ շատ եք սիրում ճամփորդել. իսկ ո՞ր երկիրն է Ձեզ վրա առավել վառ տպավորություն թողել:

 

- Միանշանակ' Թաիլանդը' իր հարուստ մշակույթով, գեղեցիկ բնությունով, բարեհամբույր և բարյացկամ բնակչությամբ: Թեև նրանք ապրում են ոչ այնքան բարեկեցիկ կյանքով, սակայն շատ ջերմ, սրտաբաց և ուրախ մարդիկ են, և սա գալիս է փաստելու, որ նրանց համար հոգևոր արժեքները նյութականից վեր են :

 
 

 

- Եթե գաղտնիք չէ, ինչի՞ մասին եք երազում այսօր:

 

- Չորսամյա դստրիկս ցանկանում է երգչուհի դառնալ, և այսօր ամենամեծ երազանքս իմ Միլայի երազանքն իրականացնելն է: Ես ամեն հնարավոր բան կանեմ ու ոչ մի ջանք չեմ խնայի, որ աղջնակս երջանիկ լինի: Ինչ վերաբերում է մասնգիտական ոլորտին, ապա շատ կցանկանայի «Go Armenia Airlines» ընկերություն հիմնել:


- Լիա՛նա, Դուք գեղեցիկ, հմայիչ և հաջողակ կին եք, չե՞ք վախենում արդյոք նախանձից:

 

- Կարծում եմ, եթե ուշադրություն չդարձնես, չկենտրոնանաս այդ ուղղությամբ, ապա «նախանձ» կոչվածը քեզ չի էլ համարձակվի դիպչել… Ինչ վերաբերում է ինձ՝ ինքս ծանոթ չեմ ո՛չ խանդի , ո՛չ էլ նախանձի հետ ու համարում եմ, որ այս երկու զգացումները նսեմացնում, ստորացնում են մարդուն նախ՝ իր, ապա շրջապատի աչքում:


- Խոչնդոտների հանդիպելիս ինչպե՞ս եք վարվում. նահանջո՞ւմ եք, թե՞ շարունակում պայքարել:

 

- Ես երբեք չեմ ընկրկում կամ վհատվում դժվարություններից: Ցանկացած խնդիր իր լուծումն ունի, պարզապես այն գտնել է պետք :


- Ձեր ամենկարևոր նվաճո՞ւմը:

 

- Կյանքում ամենամեծ նվաճումս, կարծում եմ, ընտանիքումս տիրող փոխադարձ սիրո և ջերմության մթնոլորտն է: Կնոջից, նրա ճիշտ վարվելակերպից շատ բան է կախված. կին, մայր լինելը շատ լուրջ, պատասխանատու աշխատանք է: Նա մշտապես պետք է աշխատի ինքն իր վրա, որպեսզի կարողանա ընտանեկան օջախը վառ պահել: Առանց դրա անգամ ամենամեծ սերը կարող է խամրել:

 


- Իսկ աշխատանքայի՞ն ոլորտում:

 

- Մեր հաճախորդների և գործընկերների վստահությունը...


- Լիանա, ի՞նչ կմաղթեիք հայուհիներին:

 

- Ցանկանում եմ լինել սիրված և երջանիկ:

 

- Շնորհակալություն:


«АРМЯНКА-ՀԱՅՈՒՀԻ» ամսագիր


Հարցազրույցը վարեց Արմինե Ասատրյանը