ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Երևանի «Ավանգարդ» բժշկական կենտրոն: 2012թ. հիմնադրված բժշկական այս կենտրոնը մասնագիտացած է ռեգեներատիվ պլաստիկ վիրաբուժության ոլորտում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կենտրոնի հիմնադիր, պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբո լցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է բաժանմունքներով, եղել լաբորատորիայում, այցելել վիրահատարան: Այցի շրջանակում մասնագետների հետ քննարկվել են պլաստիկ վիրաբուժությանը վերաբերող խնդիրները, անդրադարձ է կատարվել կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին:
Կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով, վիրահատարանները և վերակենդանացման սրահը կահավորված են եվրոպական չափանիշներով: Այստեղ աշխատում են հանրապետության առաջատար մասնագետներ, ովքեր վերապատրաստում են անցել ԱՄՆ-ի և Եվրոպայի կլինիկաներում: Կենտրոնում բուժումն իրականացվում է ամերիկյան և եվրոպական չափանիշներով:
Արտասահմանյան մի շարք կլինիկաների համագործակցության շրջանակում իրականացվում են մասնագետների փոխադարձ այցելություններ, ինչը հնարավորություն է տալիս հիվանդների զննումը և բուժումը արտասահմանյան մասնագետների կողմից կազմակերպել Հայաստանում:
Աշխարհում հայտնի ԱՄՆ Պիտսբուրգի համալսարանի և Իսպանիայի բջջային տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետների աջակցությամբ բժշկական այս կենտրոնում 2013 թվականին հիմնվեց ռեգեներատիվ պլաստիկ վիրաբուժության կլինիկան, որտեղ ձեռք բերված նորագույն սարքավորումների միջոցով հնարավոր դարձավ սեփական ճարպից ստացված բջիջների օգնությամբ կատարել ինչպես վերականգնողական, այնպես էլ էսթետիկ վիրահատություններ՝ առանց կտրվածքների և սպիների: