Պլաստիկ վիրաբուժության նոր տենդեցներից են երիտասարդացման միջոցները, հատկապես ճարպի օգնությամբ, որը պարունակում է ցողուններ և ունի երիտասարդացման նշանակություն: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը:

 

«Կան երիտասարդացման այլ միջոցներ, օրինակ սրսկումները, որի միջոցով երիտասարդացնում են մաշկը», - նշեց նա, հավելելով, որպլաստիկ վիրաբուժության հիմնական տենդեցներն են կրծքի վերականգնումը' հատկապես քաղցկեղի ժամանակ կրծքի հեռացումից հետո:

 

«Մենք փորձում ենք պրոպագանդել, որ կանայք երեսուն տարեկանից հետո հետազոտեն իրենց կուրծքը և եթե այն շուտ է հայտնաբերվում, հնարավոր է լինում պահպանել կուրծքը», - նշեց նա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչն են վիրահատելու համար ամենից շատը դիմում, վիրաբույժը նախ նշեց, որ գոյություն ունի պլաստիկ վիրաբուժության երկու տեսակ' էսթետիկ և ռեկոստրուտիվ:

 

«Էսթետիկ վիրաբուժության մեջ առաջատարը մնում է «հայկական քիթը», այնուհետև ճարպերի ներկրումը, ականջների վիրահատություն, դեմքի, կրծքի: Ռեկոստրուկտիվը շտապ դեպքերն են, երբ որ կան հյուվածքների դեֆեկտներ և դու դա փակում ես: Չմոռանանք բնածին արատների մասին, որոնք այսօրվա օրով շատ լավ բուժվում է պլաստիկ վիրաբուժության միջոցով», - նշեց նա:

 

Պլաստիկ վիրաբույժի խոսքերով, իրենք շատ անգամ որոշակի հիվանդի դեպքում հրաժարվում են վիրահատությունից, հատկապես այն դեպքում, երբ զգում են, որ հիվանդի ցանկացածն ավելի շատ է, քան իրենք կարող են տալ:

 

Անդրադառնալով արդեն գնային քաղաքականությանը, նա նշեց, որ պլաստիկ վիրահատությունների գները տատանվում են 200-800 հազար դրամի սահմաններում: Բժշկի խոսքերով, գների տատանումը կախված է մի քանի հանգամանքներից: «Օրինակ, թե ցավազրկումը տեղային է լինում, թե ընդհանուր, վիրահատության ծավալը, չափը: Եթե օրինակ միանգամից մի քանի վիրահատություն է կատարվում, ապա գինը կարող է անցնել նույնիսկ մեկ միլիոնը», - նշեց նա:

 

Բժշկի խոսքերով, մեզ մոտ գները ցածր են և այդ պատճառով կան շատ մարդիկ, որոնք դրսից գալիս են' այստեղ վիրահատվելու նպատակով: Խոսելով արդեն վիճակագարությունների մասին, նա նշեց, որ վերջին երկու տարում այցելուների քանակը գրեթե չի ավելացել, իսկ մինչ այդ ամեն տարի քսան տոկոսով ավելանում էր: Որպես պատճառ բժիշկը նշեց տնտեսական ճգնաժամը:
Անդրադառնալով վիրահատության դիմող կին-տղամարդ հարաբերակցությանը, նա նշեց, որ 20-25 տոկոս քթի վիրահատության համար դիմում են տղամարդիկ: «Եթե նրանք առաջ դիմում էին միայն քթի համար, հիմա այլ վիրահատությունների համար նույնպես դիմում են: Այդ թիվը գնալով ավելանում է», - եզրափակեց բժիշկը: