Նախկին իշխանության կարակառուն ներկայացուցիչները, ովքեր բիզնեսմեն էին իրենց պաշտոնավարման ժամանակ, բիզնեսները պահպանեցին նաև Նոր Հայաստանում: Սակայն, զգալիորեն փոխվել է այդ նախկին պաշտոնյաների կողմից պետական բյուջե վճարվող հարկերի դինամիկան: Դիտարկենք մինչ հեղափոխությունը և հեղափոխությունից հետո նրանց վճարած հարկերի տարբերությունը: 

 


Դիցուք՝ «Տրանս Գազ» ընկերությունը, որը կապվում է Հովիկ Աբրահամյանի անվան հետ, 2020 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքում պետական բյուջե է վճարել 3,314,688 ՀՀ դրամ: 2018 թվականի հունվար-մարտ ամսվա կտրվածքով «Տրանս Գազ»-ը վճարել էր 1,987,728.3 ՀՀ դրամի հարկ: Աբրահամյանի հետ կապ ունեցող ամենախոշոր ընկերությունները` «Իմպերիում Պլազա», «Ջուլի», «Արգամիկ», «Արտաշատ պլազա», «Դալար Բարդի», «Աբովյան սիթի», «Արտաշատ վինքոն», «Ռայթ Սթոուն», «Տրանսպորտի զարգացման կոնսորցիում», «Փրոփերթի Սոլյուշենզ», «Սթրատեջիկ Փրոփըրթի Մենեջմենթ» և այլ ընկերություններ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկան: Երկու տեսակետ կա՝ կա՛մ այս ընկերությունները 100 մլն դրամից քիչ հարկ են վճարել և չեն ներառվել, կա՛մ այլ անվան տակ են իրենց հարկային պարտավորություններն իրականացրել: 


ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի «Սլավ Գրուպ»-ը 2018-ի հունվար մարտ ամիսներին վճարել էր 508,811.7 միլիոն դրամի հարկ: 2020-ի երկրորդ եռամսյակում արդեն 1,512,332 միլիոն դրամ: 


ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի «Ջերմուկ Գրուպ»-ը 2018-ի հունվար մարտ ամիսներին վճարել էր 214,306.3 միլիոն դրամի հարկ: 2020-ի երկրորդ եռամսյակում ՝ 650,873 միլիոն: 


«ՄԱՊ Գրուպ»-ը, որը պատկանում է Մապի Ալիկին՝ Ալեքսան Պետրոսյանին, 2018-ին վճարել էր 487,341 միլիոն դրամի հարկ: 2020-ին` 138,544 միլիոն: 


Երևանի «Գարեջուր»-ը, որը պատկանում էր Հակոբ Հակոբյանին՝ Պիվի Հակոբին, 2020 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքում պետական բյուջե է վճարել 1,112,052 ՀՀ դրամ: 2018-ի հունվար-մարտ ամիսներին վճարած հարկերի ծավալը կազմել է 308,428.1 ՀՀ դրամ: 


Ինչպես տեսնում ենք՝ հիմնականում նախկինները հեղափոխությունից հետո ավելի մեծ հարկեր են վճարում պետական բյուջե: