Հայաստանում զարգանում է էսթետիկ բժշկական տուրիզմը, երբ երկիր այցելության ընթացքում կատարվում են նաև էսթետիկ շտկումներ: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:

 

«Դրան նպաստում է Հայաստանում էսթետիկ վիրաբուժության բնագավառում օպտիմալ գին և որակ հարաբերությունը: Հավատացնեմ, մենք ունենք բավականին լավ վիրաբույժներ, որոնք և վերապատրաստվում են, և սովորում, ոմանք էլ աշխատում են արտերկրում: Սակայն, շտապեմ հավաստացնել, որ արտերկրում աշխատելը դեռ չի նշանակում, թե տեղի բժիշկները զիջում են իրենց գիտելիքներով», - տեղեկացրեց Արմեն Հովհաննիսյանը:

 

Պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահի խոսքով, դեռ երկար ժամանակ քթի էսթետիկ վիրաբուժությունը մեր երկրում կհանդիսանա ամենապահանջվածը:

 

«Այսօր օրեցօր ավելանում են և կրծքագեղձերի էսթետիկ վիրահատությունները, լիպոսաքցիան, որովայնի առաջնային պատի շտկումը ծննդաբերությունից հետո: Բուռն զարգացում են ապրում դեմքի ինյեկցիոն շտկման տեսակները», - ասաց Արմեն Հովհաննիսյանը:

 

Խոսելով ամենատարօրինակ պահանջներից, որոնք հաճախ էսթետիկ վիրաբույժը լսել է, Արմեն Հովհաննիսյանը օրինակ բերեց կրծքագեղձերի ծավալի և ձևի չափազանց մեծ փոփոխություն կատարելու խնդրանքը: «Ոչ մի խելացի մարդ թույլ չի տա, որ իր ձեռքով կատարվի բժշկական «հանցագործություն»՝ մարմնի մասի չափազանց մեծ ծավալների ստացում:

 

Գոյություն ունեն ֆիզիոլոգիական նորմեր, որոնցից դուրս գալ չի կարելի: Այդ իսկ պատճառով էսթետիկ վիրաբույժին դիմող մոտ տասը մարդկանցից մեկին-երկուսին մերժվում է վիրահատություն կատարել», - հավելեց Արմեն Հովհաննիսյանը:

 

Վերջում վիրաբույժը նշեց, որ այսօր երիտասարդ կանայք հիմնականում դիմում են քթի պլաստիկ վիրահատության կամ կրծքագեղձերի ծավալի մեծացման, շուրթերի շտկման համար: Միջին տարիքում ավելի շատ դիմում են տարիքային փոփոխությունների կամ հետծննդաբերական խնդիրների հետ կապված: