ՍՄՏ Բեսթ ընկերությունն առաջին անգամ Հայաստանում սկսել է բարձրորակ բժշկական պարագաների արտադրություն, որոնք այս պահին ներառում են բժշկական ներարկիչներ, արյան հավաքի համար նախատեսված տարաներ, ինսուլինային գրիչների ասեղներ և այլն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Շուտով կավարտվի նաև նոր հոսքագծի տեղադրումը, որը թույլ կտա արտադրել տարբեր նշանակության և չափսերի կատետերներ։ Ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է և համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, իսկ ամբողջ արտադրանքն արտահանվելու է երկրից։

Ներդրողների հետ քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ շուտով նրանք ավելացնելու են ներդրումները և կառուցելու են նոր գործարան։ Ինչպես նաև խոսվեց հայկական շուկայում այս բարձրորակ արտադրանքի մրցունակության խթանման և պետական աջակցության մասին»,-նշված է նախարարի գրառման մեջ։