Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրների քննարկման, նոր լուծումների նախանշման ու կուտակած փորձի փոխանակման նպատակով ՀՀ ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 10-ին մեկնարկել էր «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովը, որին մասնակցել են ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի ռազմաբժշկական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ, կազմակերպել էին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության բժշկական ապահովման վարչությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապի եւ տեղեկատվության վարչությունից, գիտաժողովի գործնական փուլում հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվել է ցուցադրական մարտավարական-մասնագիտական զորավարժություն ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության և ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության ներգրավմամբ:
«Հակադիվերսիոն գործողությունների բժշկական ապահովման կազմակերպումը» թեմայով անցկացված ստուգատեսը ներառել է մոտոհրաձգային գումարտակի հակադիվերսիոն գործողությունների բուժապահով ում, բուժապահովում որակավորված բժշկական օգնության փուլում: Վարժանքի սցենարով որակավորված բուժօգնության կարիք ունեցողները սանիտարական տրանսպորտով տարհանվել են, իրականացվել է վիրավորների և հիվանդների տեսակավորում: Ցուցադրական վարժանքի շրջանակում իրականացվել է նաև ամբողջական ծավալով որակավորված բուժօգնության ցուցաբերում, իսկ հաջորդ փուլում' քաղաքացիական բնակավայրում հակադիվերսիոն գործողության բուժապահովում, որոնողական և փրկարարական միջոցառումներ:
Անցկացված վարժանքի մի խումբ մասնակիցները ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների կողմից պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով ու թանկարժեք նվերներով:
«Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովի և «Հակադիվերսիոն գործողությունների բժշկական ապահովման կազմակերպումը» թեմայով անցկացված վարժանքի ամփոփումից հետո հոկտեմբերի 11-ին գիտաժողովի պատվիրակներին հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր շնորհակալական խոսքն է ուղղել գիտաժողովի պատվիրակներին' կարևորելով արտերկրի գործընկերների մասնակցությունը: Ամփոփիչ ելույթով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության զարգացման և գործընկեր պետությունների ռազմաբժշկական ծառայությունների հետ համագործակցության հեռանկարները: