Առաջին բանակային զորամիավորման շրջանակում օրերս անցկացվել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ընթացքում իրականացվել են զորավարժության մտահղացմամբ նախատեսված պաշտպանական և հարձակողական օպերացիայի պլանավորման, նախապատրաստման ու վարման, շտաբերի բացազատման, հիմնական և պահեստային ուժերի վերադասավորման, ընդգրկված անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման, ուժերի և միջոցների արդյունավետ կիրառման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ներգրավված զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, իրականացվել են հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման, կահավորման աշխատանքներ:
Զորավարժության ղեկավար, զորամիավորման հրամանատար, գնդապետ
Ժիրայր Պողոսյանին զորամասերի հրամանատարները զեկուցել են պաշտպանական մարտի մտահղացման վերաբերյալ, կատարվել է տեղազննում: Տեղանքում զորավարժության ղեկավարը ստորաբաժանումների հրամանատարությանը ցուցումներ է տվել աշխատանքի կազմակերպման վերաբերյալ, կազմվել է տեղազննման պլան, համապատասխան օղակներն անցել են հաշվարկների կատարման:
Ճշգրտվել են նաև հակառակորդի հավանական գործողությունները՝ հաշվի առնելով զորամիավորման հրամանատարի որոշման բոլոր մանրամասները, մշակվել և հաստատվել են մարտի նախապատրաստման և վարման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
1-ին բանակային զորամիավորումում անցկացված եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժությունները ցույց տվեցին, որ անձնակազմի պատրասության մակարդակը բարձր է, զինծառայողներն ունակ են կատարելու առաջադրված մարտական խնդիրները: