Նախորդ տարի Վիլնյուսում կայացած գագաթնաժողովից եւ Հայաստանի ու Եվրամիության համատեղ հուշագրի հրապարակումից հետո 2014-ին կողմերը շարունակել են բանակցությունները' հասկանալու, թե որ ոլորտներում եւ ինչ ձեւաչափով կարելի է շարունակել համագործակցությունը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի գնահատմամբ' տարին բուռն էր, անցկացվել են քննարկումներ, ե րկխոսություններ, որոնց նպատակն է նոր համաձայնագիր ստորագրել, որտեղ կմատնանշվեն նախկին ձեռքբերումներն ու ապագայի տեսալականը:
«Վերանայվել է Հայաստանի հետ գործողությունների ծրագիրը եւ ներկայացվել նոր փաթեթ: ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ իրավական նոր փաստաթղթերի ուղղությամբ աշխատել' հարգելով Հայաստանի նոր հանձնառությունները»,- դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրիսթեան' հավելելով, որ այս անգամ ԵՄ-ն Արեւելյան գործընկերների հետ կաշխատի անհատական սկզբունքով:
«Հայ գործընկերների հետ քննարկվել են համագործակցության տարբեր ոլորտներ, դրանց ձեւաչափն ու շրջանակը: Ուսումնասիրությունների երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերին, որից հետո համագործակցության հաջորդ հենակետը կլինի հունվարին Բրյուսելում անցկացվելիք Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի հաջորդ նիստը»,- ասաց Հրիսթեան' հավելելով, որ քննարկվելիք ոլորտները բազմաթիվ են' մարդու իրավունքների պաշտպանություն, արտաքին առեւտուր, դատաիրավական համակարգի բարեփոխումներ, ընտրական համակարգ, խոսքի ազատությանն ու տեղեկատվությանն առնչվող խնդիրներ, քաղաքացիական հասարակության գործունեություն, խտրականության դեմ պայքար, կրոնի եւ դավանանքի ազատություն:
«Այս տարի եղել են կարեւոր զարգացումներ, համագործակցություն տարբեր ոլորտներում, ԵՄ-ն եւ Հայաստանը երկուստեք պատրաստ են շարունակելու հարաբերությունները առեւտրի եւ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլոտներում' հենվելով միասնական արժեհամակարգի վրա: Այս համագործակցությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ համաձայն ՀՀ վիճակագրական ծառայության, երկրի արտաքին առեւտրում ԵՄ-ն առաջին հորիզոնականում է, արտահանման եւ ներմուծման ցուցանիշով' նույնպես: Ամենամեծ ներդրողը Հայաստանում ԵՄ-ն է' 52 տոկոս, աջակցության խոշորագույն արտաքին գործընկերը նույնպես ԵՄ-ն է' ոչ միայն խոստացված, այլեւ փաստացի տրամադրված գումարների առումով»,- ասաց Հրիսթեան:
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ԵՏՄ-ի հետ ինտեգրացիոն քաղաքականությունը չի կարող ազդել Եվրամիության հետ համագործակցությանն ու ԱլԳ շրջանակում Եվրամիության ասոցացմանը: Հայաստանը Եվրամիությանը կներկայացնի ոլորտների եւ ծրագրերի այն փաթեթը, որոնք չեն խոչընդոտի համագործակցությանը ինտեգրացիոն նոր զարգացումների պարագայում: