ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Վաշինգտոնում անցկացված հանդիպումների ժամանակ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել աշխատել Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թվիթերի իր միկրոբոլգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ համանախագահներն ԱՄՆ-ից տեղեկացան, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է աշխատելու Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ»,- նշել է Ուորլիքը:
Հուլիսի 6-ին արած գրառման մեջ Ուորլիքը հայտնել էր, որ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում են, որտեղ հանդիպումներ են անցկացնելու ԱՄՆ պետդեպարտամենտում, պաշտպանության գերատեսչությունում և Անվտանգության ազգային խորհրդում' քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: