ՀՀ Ազգային ժողովը քննարկում է վերջին շրջանում քաղաքական, հասարակական հայտնի գործիչների հանդեպ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու հարցը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության տեքստը.
«Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.
1. Անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ,
2. Դատապարտում է վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքներն ու հրապարակավ արած արտահայտությունները,
3. Շեշտում է, որ քաղաքական գործընթացներում բացառիկ կարեւոր է զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը,
4. Դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,
5. Վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն եւ բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:
ՀՀ Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները եւ բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին եւ պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ»: