Ազգային ժողովի արտահերթ նիստում վերջին շրջանում հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու հարցի քննարկման ընթացքում Լևոն Զուրաբյանը կրկին քննադատեց իշխանություններին՝ մեղադրելով վերջին շրջանում իրականացվող բռնություններում:

 

«Ո՞վ է կանգնած այս բռնարարքի հետևում: Եթե ինչպես ոմանք փորձում են պնդել, որ այս բռնարարքների հետևում կանգնած չեն Սերժ Սարգսյանը, ռեժիմը, իշխանությունը, և դուք՝ իշխանություններդ, իրականում սրբորեն հարգում եք քաղաքացիական ազատությունները երկրում, ժողովրդավարական արժեքները, ուրեմն ակնհայտ է, թե ինչ պետք է կատարվեր երկրում այս բռնարարքներից հետո անմիջապես»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Պատգամավորի կարծիքով՝ քնննարկվող հայտարարությունը հետապնդում է ընդամենը մի նպատակ՝ փրկելու ռեժիմի դեմքը և այնպես վարվել, որ ոչ ոք այդ բռնարարքների համար պատասխանատվություն չկրի.

 

«Ես իմ կոլեգաների հետ միասին հայտարարում եմ, որ մենք չենք ցանկանում մասնակցել այս ֆարսին և անմիջապես Գագիկ Ջհանգիրյանի ելույթի ավարտից հետո մենք ուղղակի կլքենք դահլիճը»: