Դեկտեմբերի 25-ին ԼՂՀ Աժ-ում քննարկման եւ քվեարկության կդրվի ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեն: ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունն ակտիվորեն մասնակցում է բյուջեի քննարկումներին, ինչպես նաև հանդիպում է ունեցել ԼՂՀ ֆինանսաների նախարար Սպարտակ Թեւոսյանի հետ' բարձրացնելով մի շարք հարցեր, որոնք, ըստ խմբակցության, լուծման կարիք ունեն:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին կուսակցության Արցախի գրասենյակից, խմբակցության անունից կառավարությանն են ուղղվել ավելի քան 40 հարցեր, որոնք առնչվում են շրջանների զարգացման, վերաբնակեցման, ռազմավարական նշանակության մի շարք այլ թեմաների:
ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեն քննարկելու նպատակով օրերս ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ընդլայնված նիստ է գումարել, որին մասնակցել են «Դաշնակցություն» խմբակցության անդամներն ու Կառավարությունում պաշտոններ զբաղեցնող ՀՅԴ անդամները: Նիստի ժամանակ Կենտրոնական Կոմիտեն հանձնարարականներ է տվել թե գործադիր, թե օրենսդիր մարմիններում ՀՅԴ ներկայացուցիչներին: