Մեկ տարի է, ինչ չեն ավարտվել իմ ազատման գործընթացի հետ կապված խնդիրը եւ ֆինանսական վերջնահաշվարկը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Ներկա պահին որոշակի գործընթացներ են գնում, շատ չակերտներ չեմ բացի, բայց գործընթացը վերաբերում է իմ նախկին զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելուն: Ի վերջո, ցավալի է, որ այդ պատմությունը տեղի ունեցավ, քանի որ իրավական գործընթաց կարող էր տեղի չունենալ: Ցավալի է, որ մեկ տարի այդպես մնաց, շատ լավ գիտակցում եմ, որ այդ հարցի բարձրաձայնումն անընդհատ խնդիրների կարող է բերել, բայց մեկ տարի այն շարունակվում է, եւ արդեն նոր տնօրեն կա, բայց ընդհանուր հայտարարի չենք կարողանում գալ: Դա իմ խնդիրը չէ այլեւս, Կրթության եւ գիտության նախարարության խնդիրն է, իմ մեղքով չէ, որ այդպիսի խնդիր կա»,– նշեց նա:
Հարցին՝ հանդիպման կամ քննարկման փորձ եղե՞լ է իր կամ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից, Դեմոյանը պատասխանեց. «Եղել է նամակագրություն իմ կողմից, բայց առայժմ անարձագանք: Առաջարկը հենց սկզբից եղել է ստորագրել համապատասխան համաձայնագիր, որի հիման վրա հնարավոր կլինի ձեւակերպել աշխատանքից ազատման օրինական գործընթացը եւ ստանալ ֆինանսական վերջնահաշվարկ»:
Դեմոյանը հույս ունի, որ այս փուլում հնարավոր կլինի համաձայնության գալ. «Ամբողջ ողբերգականությունը եւ զավեշտը կայանում է նրանում, որ շատ շրջանակներ հույսով լի են եղել առ այն, որ ես գործուղման մեկնելով՝ չեմ վերադառնա Հայաստան: Մեկ տարի Հարվարդում գիտահետազոտական աշխատանք իրականացնելուց հետո, հաշվարկված է եղել, որ ես գնացել եմ, եւ չեմ վերադառնա: Այդպիսի ծրագիր ես չունեի ընդհանրապես, եւ ի զարմանս նրանց՝ վերադարձա, եւ այսպես խախտված էին փաստաթղթղային ձեւակերպումները։ Հուսանք այս փուլում կկարողանանք հանգուցալուծել: Հանգուցալուծումը միակ տարբերակն է, որ նոր սրացումներ չլինեն, իսկ իմ վերադառնալուց հետո իմ նախաձեռնությամբ եղել է հանդիպելը, որպեսզի ես ստորագրեմ փաստաթուղթ, որ իրավական այլ հարցեր չառաջանան: Մենք դեռեւս գտնվում ենք իմ առաջարկի փուլում»:
Հիշեցնենք, որ Հայկ Դեմոյանը հայտնել էր, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւ այն ժամանակ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ներխուժել էին իր աշխատասենյակ։ Հովհաննես Հովհաննիսյանն ի պատասխան նշել էր. «Հայկ Դեմոյանին մենք աշխատանքից չենք ազատել, որովհետեւ աշխատանքից ազատում ես մարդուն, ով պաշտոն ունի: Նա եղել է ինստիտուտի տնօրենը, հետո տնօրենի պաշտոնակատար, հետո առանց դիմում գրելու ակադեմիայի նախագահի անունով, որ ինքը պարտավոր էր անել, նա գնացել է Միացյալ Նահանգներ, ուսանել է էնտեղ»: