ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունը ներկայում միանգամից երեք ճգնաժամ է ապրում՝ կառուցվածքային, աշխարհաքաղաքական եւ կապված պահանջարկի սահմանափակումների հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Այժմ մեզ մոտ երեք ճգնաժամի զուգորդում է: Առաջինը կառուցվածքային ճգնաժամն է: Երկրորդ ճգնաժամը սովորական գործարար ցիկլի բաղադրիչն է, որը կապված է եւ ներքին, եւ արտաքին պահանջարկի սահմանափակումների հետ: Եվ երրորդը աշխարհաքաղաքական ճգնաժամն է՝ կապված պատժամիջոցների, պատասխան պատժամիջոցների եւ այլնի հետ»,- ասել է Ուլյուկաեւը իր հարցազրույցում, որը դեկտեմբերի 18-ին հրապարակել է «Վեդոմոստի» թերթը:

 

Նա նաեւ հավելել է, որ այս երեք ճգնաժամերի զուգորդումն են այն բացասական արդյունքները, որոնք քննարկվում են:

 

Նախարարի խոսքով՝ այն, որ տեղի ունեցավ երեք ճգնաժամերի զուգորդում, պատահականություն է, բայց այն, որ հիմքը նախապատրաստված էր, օրինաչափություն է: Բացի այդ, նա նշել է, որ երկրում պատժամիջոցների ռեժիմը հավանաբար երկար կտեւի:

 

Իր հարցազրույցում տնտեսական զարգացման նախարարը նաեւ ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ ամբողջ համաշխարհային տնտեսության աճի տեմպերն զգալիորեն ավելի ցածր կլինեն, քան առաջ: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը նույնպես երբեք նախկինը չեն լինի: Նախարարն այն կարծիքին է, որ առանց ճգնաժամի բոլոր գործոնների, տնտեսության աճը կարող էր հասնել 2,5-3 տոկոսի, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: