Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորներից մեկի քննիչը խարդախություն կատարելու վերաբերյալ գործի քննության շրջանակներում հրավիրվել է հարցաքննության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության որևէ քննիչ չի ձերբակալվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին ֆեսյբության իր էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Հարգելի լրագրողներ, պարզաբանում եմ, որ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության որևէ քննիչ չի ձերբակալվել: Քրեական գործ է քննվում զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորներից մեկի քննիչի վերաբերյալ, ով այսօր առավոտյան հրավիրվել է հարցաքննության։ Քրեական գործի մասին տեղեկատվություն կարող է տրամադրել վարույթն իրականացնող մարմինը։ Միայն կարող եմ փաստել, որ խոսքը գնում է խարդախության մասին, ինչն ուղղակիորեն չի առնչվում նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ:
Քննչական կոմիտեն ծառայողներին խստագույն պահանջ է ներկայացրել վարքագծի կանոնների պահպանման, օրինականության սկզբունքների անշեղ կատարման վերաբերյալ։ Առավել ևս անընդունելի են հանցավոր դրսևորումները։ Լիահույս ենք, որ վարույթն իրականացնող մարմինը կապահովի քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումը և յուրաքանչյուրի գործողություններին կտա համարժեք գնահատական»,-նշված է գրառման մեջ: