ԼՂՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքում «Զբոսաշրջության զարգացման» ծրագրում խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Միակ թերությունը, որ արձանագրել են ՎՊ-ում, այն է, որ նոր տեղադրվող կամ նախկինում տեղադրված եւ սպասարկվող ավտոճանապարհների ցուցանակները հաշվառված չեն վարչության հաշվեկշռում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վերահսկողություն իրականացնող հանձնաժողովն ստուգել է Տող գյուղի Մելիքական ապարանքի, «Տաք ջուր» զբոսաշրջային տարածքի եւ Տիգրանակերտ հնավայրի աղբյուր-իջեւանատան վերականգնման ու բարեկարգման աշխատանքները:
Պարզվել է, որ «Տիգրանակերտ» հնավայրի աղբյուր-իջեւանատան վերականգնման եւ «Տաք ջուր» զբոսաշրջային տարածաշրջանի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են առանց տվյալ հուշարձանի տարածքում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվության. խախտվել է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջը:
Տող գյուղի Մելիքական ապարանքի տարածքի վերականգնման եւ բարեկարգման, «Տաք ջուր» զբոսաշրջային տարածաշրջանի բարեկարգման աշխատանքներում ՎՊ-ն խախտումներ չի արձանագրել:
Վերահսկողության ընթացքում ի հայտ եկած խախտումներն ու թերությունները վերացնելու եւ հետագայում նման թերությունները բացառելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Վերահսկիչ պալատը ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությանն առաջարկել է միջոցներ ձեռնարկել նորմատիվ բնույթ կրող իրավական ակտերը «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխան գրանցման ուղղությամբ, ինչպես նաեւ ուժեղացնել վերահսկողությունը «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականաց վող ծրագրերի կատարման, ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ:
Իսկ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին առաջարկվել է հաշվապահական հաշվառումը համապատասխանեցնել ԼՂՀ օրենսդրությանը, ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների ձեռքբերումն իրականացնել գնումների մասին ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան: