Երևանի քաղաքապետարանը և փոխադրումներ իրականացնող ընկերությունները համաձայնության են եկել մինչև հունվարի 15-16-ը շարունակել բնականոն ուղևորափոխադրումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը' հավելելով, որ դեկտեմբերի 18-ի երեկոյան կայացած հանդիպմանը քաղաքային իշխանությունները հավաստիացրել են, որ ամեն ինչ անելու են' գազի գնի խնդրի կարգավորման համար:
«Չնչին բացառություններով մեզ կհաջողվի մինչև հունվարի 15-ը համոզել վարորդներին շարունակել աշխատանքը: Չի բացառվում, որ մի երթուղու մի քանի վարորդ ընդվզի, սակայն երեկվա նման համատարած գործադուլ չի լինի»,-ասաց Եղիազարյանը: Փոխադրողները տոներից հետո նորից կհավաքվեն և խնդիրները կներեկայացնեն քաղաքապետարանին: «Քաղաքապետարանո ւմ էլ խոստացան ականաջալուր լինել»,-նշեց նա: Միության նախագահի խոսքով՝ գործադուլ անող վարորդներ այս պահի դրությամբ չկան: Սակայն այսօր երթուղային մեքենաների շահագործումը կատարվում է ֆիզիկական մաշվածության հաշվին: Ուղեվարձի մինչև 150 դրամ բարձրացումն էլ արդեն չի բավարարելու խնդրի կարգավորման համար:
Երևանի քաղաքապետարանը հույս ունի, որ սահմանված ժամակահատվածում դրամի փոխարժեքը կկայունանա, որից հետո խնդիրն ինքնըստինքյան կարող է կարգավորվել: «Այսօրվա իրադրությունում գազի սակագնի մասին խոսելը բացարձակապես անիմաստ է, և ոչ ոք չգիտի թե մեկ ամսվա ընթացքում դոլարի փոխարժեքն ինչպես կկայունա, գազի գինը կիջնի, թե կբարձրանա: Պետք է այս ամենը կայունանա, հետո կխոսնեք այդ խնդիրների մասին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Դոլարի արժևորման և գազալցակայաններում գազի գնի թանկացման պատճառով դեկտեմբերի 17-ին, ապա նաև 18-ի առավոտից մի քանի տասնյակ երթուղու վարորդներ գործադուլի են դուրս եկել և հրաժարվել ուղևորափոխոդրումներ կատարելուց: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով, 1 խմ գազի գինն այդ օրերին շրջաններում կազմում էր 170-180 դրամ, իսկ Երևան քաղաքում 230-250 դրամ: Միության նախագահը որպես խնդրի լուծման օպտիմալ տարբերակ քաղաքապետարանին առաջարկում էր գազը, դիզվառելիքը և պահեստամասերը երթուղայիններին վաճառել Հայաստան մտնող գնով: